Բավ է պառակտվել
18-05-2017 16:24

Արա Բաբլոյանը ԱԺ նախագահ է ընտրվել

Իշխող Հայաստանի Հանրապետկան կուսակցության (ՀՀԿ) ներկայացուցիչ Արա Բաբլոյանն այսօր՝ մայիսի 18-ին, վեցերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ է ընտրվել:
ԱԺ նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր ընդամենը երկու թեկնածու՝ ՀՀԿ-ից Արա Բաբլոյանն ու ընդդիմադիր « Ելք» դաշինքից Էդմոն Մարուքյանը:
Նորընտիր խորհրդարանի առաջին նիստին 105 պատգամավորից մասնակցել է 100-ը: Բաբլոյանի թեկնածության օգտին քվեարկել է 88 պատգամավոր, իսկ Մարուքյանի օգտին՝ 12: Ոչ մի քվեաթերթիկ անվավեր չի ճանաչվել:
Իր ելույթում Բաբլոյանն իրեն վստահելու համար շնորհակալություն է հայտնել երկրի նախագահին և ՀՀԿ-ին, և խոստացել է մեծ պատասխանատվություն ցուցաբերել Հայաստանի խորհրդարանի համար այս բարդ ու անցումային ժամանակաշրջանում:
ԱԺ նախագահի պաշտոնում Բաբլոյանը պատրաստվում է շեշտը դնել աշխատանքի երեք հիմնական բաղադրիչի վրա՝ անվտանգություն, առողջություն և կրթություն:« Ես կառաջնորդվեմ նրանով, որ ընտրվել եմ ժողովրդի կողմից, իսկ իմ բոլոր քայլերը կբխեն պետության և ժողովրդի շահերից»,- ընդգծել է ԱԺ նորընտիր նախագահը:
Նա խոստացել է ջանքեր գործադրել՝ իշխանական և ընդդիմադիր ուժերի միջև համագործակցությունն ամրացնելու ուղղությամբ, ինչպես նաև տնտեսության , բիզնեսի և երկրի զարգացման նպատակով իրավական դաշտի կարգավորման, և մարդու իրավունքների գերակայության ուղղությամբ:
Ելույթի ավարտին նա դիմել է իր մրցակից Մարուքյանին և հնչեցրել է «Ելք» ընդդիմադիր դաշինքի կարգախոսը՝ « Իրոք, ելք կա՛», խոստանալով ԱԺ նախագահի լիազորությունները կատարելիս հաշվի առնել ընդդիմության առաջարկներն ու Մարուքյանի դիրքորոշումը:
ԱԺ նոր նախագահի թեկնածությունն առաջարկվել էր նախօրեին՝ ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստի ընթացքում: Նախկինում Բաբլոյանը զբաղեցրել է Առողջապահության նախարարի, առողջապահության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարի, «Արաբկիր» ԲԿ-ի ղեկավարի պաշտոնները
2017թ. ապրիլի 2-ին կայացած ընտրությունների արդյունքում ԱԺ անցավ չորս քաղաքական ուժ՝ իշխող ՀՀԿ-ն (58 մանդատ), «Ծառուկյան» դաշինքը (31), «Ելք»-ը (9), ինչպես նաև ՀՅ Դաշնակցությունը (7 մանդատ):
Օրենսդրության համաձայն, ՀՀ վեցերորդ գումարման ԱԺ-ում կլինի ոչ թե երկու, այլ երեք փոխնախագահ, որոնցից մեկը կլինի ընդդիմության ներկայացուցիչ: