19-09-2013 15:55

Մոսկվայում փող էին հավաքում


«Հայկական ժամանակը» գրում է. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը երեկ «ՀԺ»-ի տված հացազրույցում հայտարարել է,
որ ինքն էլ է զայրացած Մոսկվայի հայկական եկեղեցու բացման արարողությանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բացակայությունից։ Աբրահամյանը
խոսել է Սերժ Սարգսյանի մոսկովյան այցից, Մաքսային միություն մտնելու հեռանկարներից և Պուտին-Սարգսյան հարաբերություններից։ Ռուսաստանի
հայերի միության նախագահն ասել է, որ երեկ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը հանդիպել են ռուսաստաբնակ գործարարների հետ։ «Շատ
լավ հանդիպում եղավ, բոլոր բիզնեսմենների հետ հանդիպեցին երկու նախագահները, ճանապարհների համար փող էին հավաքում»,- ասել է Աբրահամյանը։
Ըստ նրա, Սերժ Սարգսյանը մի քանի ոչ պաշտոնական հանդիպումներ է ունեցել ՌԴ իշխանության և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հարցին՝
իսկ Պուտին-Սարգսյան մասնավոր հանդիպում եղե՞լ է, Աբրահամյանը պատասխանել է. «Ես տեղյակ չեմ այդ հանդիպման մասին, կարող է, հանդիպե՞լ
են, ես չգիտեմ։ Որքան ես գիտեմ, ՌԴ նախագահը Մոսկվայում չէ։ Եթե Մոսկվայում լիներ, անպայման կմասնակցեր եկեղեցու բացմանը։ Ես կարող եմ
ասել՝ որտեղ է, բայց դուք ինքներդ ճշտեք՝ որտեղ է եղել»։ Ըստ ՌԴ նախագահի պաշտոնական կայքի, այդ օրը Պուտինը եղել է ՌԴ Կրասնոդարի երկրամասում։

 


Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։