05-05-2016 13:07

ANCA-ն կոչ է արել Թուրքիայում ԱՄՆ դեսպանին դատապարտել Կարո Փայլանի դեմ հարձակումը


ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը դիմել է Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասին` կոչ անելով հրապարակայնորեն դատապարտել թուրքական մեջլիսում հայազգի պատգամավոր Կարո Փայլանի դեմ իրականացված հարձակումը, ինչպես նաև բարձրաձայնել պատգամավորի անվտանգության ապահովման կարևորության մասին:
Վերջին շրջանում Փայլանը բազմաթիվ սպառնալիքներ է ստացել, ինչպես նաև խորհրդարանում ֆիզիկական հարձակման ենթարկվել` Ցեղասպանության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում իր ունեցած դիրքորոշման պատճառով:
Դեսպան Բասին ուղղված նամակում ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է, որ նույնպիսի իրավիճակ էր ստեղծվել նաև «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի շուրջ: Նախքան 2007թ. տեղի ունեցած սպանությունը՝ ANCA-ն բազմիցս դիմել է Թուրքիայում ԱՄՆ-ի այն ժամանակվա դեսպանին` պահանջելով ապահովել պարբերաբար սպառնալիքներ ստացող հայազգի խմբագրի անվտանգությունը:
«Ցավոք, այդ կոչերն անտեսվեցին, իսկ Դինքի վերաբերյալ պաշտպանական խոսքեր հնչեցին միայն նրա սպանությունից հետո: Ուստի՝ այս ողբերգական օրինակն ունենալով` պետք է գիտակցեք, որ այժմ ճիշտ ժամանակն է, որպեսզի ԱՄՆ-ի կառավարությունն անհապաղ և հրապարակայնորեն բարձրաձայնի Կարո Փայլանի անվտանգության ապահովման հարցն ու դատապարտի նրա դեմ թշնամանական վարք դրսևորողներին»,-նշվել է Համբարյանի նամակում:
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել էր, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները կանխամտածված իրեն թիրախ են ընտրել ծեծկռտուքի ընթացքում։
Տված հարցազրույցում Փայլանն ասել է, որ 10-15 հոգանոց խումբը փորձել է դատաստանի ենթարկել իրեն, հարձակումը կանխամտածված է եղել և պայմանավորված է այն հանգամանքով, որ ինքն իրավունքները պաշտպանող հայ է։