Բավ է պառակտվել
24-02-2015 14:32

Իշխանությունը չպետք է ճշմարտությունից ափով թաքնվի.ՀԱԿ

Իշխանությունը չպետք է ճշմարտությունից ափով թաքնվի: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Մանուկյանի խոսքով, խնդիրը նույնիսկ այն չէ, որ երկրում բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, այլ այն, որ իշխանությունը չի ցանկանում ընդունել դրանք եւ ցույց է տալիս, թե ոչինչ տեղի չի ունենում: «Դուք պահանջում եք, որպեսզի մենք լուծման մեր տարբերակներն առաջարկենք: Որոշումներ, իհարկե, կան: Բայց եթե դուք չեք ցանկանում ընդունել, որ իրավիճակը վատ է, ինչի՞ մասին խոսենք»,- հայտարարեց Մանուկյանը: Նա հավելեց, որ չի կարելի չգնահատել Հայաստանի Կենտրոնական բանկի մոտեցումը, որն օրերս հայտարարեց, որ 2015 թվականին 4% տնտեսական աճն անիրատեսական է. իրատեսական կլինի ընդամենը 0.4%-ի աճ ակնկալել: «Ահա համարձակությունը, իրատեսականությունը: Մենք այդ ենք ակնկալում ձեզանից: Դուք դրանից խուսափում եք, հետեւաբար կաճի նաեւ ձեր հանդեպ անվստահությունը»,- հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղարը:Նա նաեւ մեջբերեց միջազգային կազմակերպություններից մեկի՝ Անդրկովկասի երկրներում անցկացրած սոցհարցումների արդյունքները: «Հայաստանի բնակչության 30%-ն ընդհանրապես եկամուտ չունի: 51%-ը պարտք ունի: 60%-ը ցանկանում է հեռանալ երկրից, իսկ 83%-ն արտերկրում հարազատներ ունի: Սա ողբերգություն չէ՞: Ինչո՞ւ չեք ցանկանում ընդունել դա»,- ամփոփեց պատգամավորը: