Բավ է պառակտվել
23-07-2015 15:58

ՀԱԿ-ը «պետական հեղաշրջման ծրագիր» է որակում նոր Սահմանադրության նախագիծը

Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), նոր Սահմանադրության նախագիծը որակելով իշխանության յուրացման նպատակով պետական հեղաշրջման ծրագիր, միջազգային կազմակերպություններին կոչ է անում չաջակցել Հայաստանի իշխանությունների «այս արկածախնդրությանն» ու «բռնապետություն հաստատելու փորձերին»։ Մանրամասն վերլուծելով նախագծի հրապարակված մասը, Կոնգրեսը եզրակացրել է, որ Սերժ Սարգսյանի «հակաժողովրդավարական ռեժիմի» վերարտադրման ու հավերժացման խնդիրը փորձ է արվում լուծել Ազգային ժողովում Հանրապետականի բացարձակ մեծամասնությունը սահմանադրորեն երաշխավորելու և «Սերժ Սարգսյանի ձեռքում բացառիկ լիազորություններով օժտված Ազգային ժողովի նախագահի և Հանրապետականի գենսեկի պաշտոնները մեկտեղելու միջոցով»։ Այդ նպատակով է, ըստ ՀԱԿ-ի, նախագծում ներառվել կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորման դրույթը, այդ նպատակով է նախատեսվում Ազգային ժողովի նախագահին տալ պետական կառավարման մեջ առաջին դեմքի դերը և էապես թուլացվում է վարչապետի ինստիտուտը։ Կոնգրեսը ուշադրություն է հրավիրում նաև այն դրույթներին, որոնցով Ազգային ժողովի նախագահին ու նրա ղեկավարած քաղաքական մեծամասնությանը վերապահվում են դատական իշխանության ձևավորման բացառիկ ֆունկցիաները, քանի որ Ազգային ժողովն է ընտրելու Վճռաբեկ դատարանի կազմը, Սահմանադրական դատարանի դատավորներին, Բարձրագույն դատական խորհրդի կազմի կեսին։ Ազգային ժողովի նախագահին և նրա ղեկավարած կուսակցությանն ըստ նախագծի տրվում են նաև կարգավորող այնպիսի հանձնաժողովներ ստեղծելու և դրանց անդամներին նշանակելու բացառիկ լիազորություններ, ինչպիսին են Տնտեսական մրցակցության պաշտպանության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովներն ու Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը։ Ընդգծելով, որ սրանով հասարակությանը հրամցվող հասարակական-քաղաքական հարաբերությունների համակարգը լուրջ սպառնալիքներ է պարունակում նաև Հայաստանի պետականության համար, ընդդիմադիր կուսակցությունը մանրամասնում է՝ միակենտրոն իշխանական համակարգի ձևավորմամբ խեղվում է պետական կառավարման համակարգը, երկրում անվտանգության և զինված ուժերի ղեկավարման պատասխանատվությունը խոցելի վարչապետի ու կառավարության վրա դնելով խաթարվում է ազգային անվտանգության համակարգը և ըստ էության սահմանադրորեն ամրագրվում է բռնապետության հաստատումը։ «Այսպիսի համակարգի ներդրումից հետո Հայաստանում իշխանության որևէ փոփոխություն հնարավոր կլինի միայն հասարակություն - իշխանություն սուր առճակատման և ցնցումների միջոցով», - նշում է Կոնգրեսը՝ այս վտանգից խուսափելու միակ ճանապարհը համարելով քաղաքական ուժերի, առողջ հասարակության համախմբումն ու դիմադրության լայն ճակատի ստեղծումը։ Իշխող Հանրապետական կուսակցությունում տրամաբանական չեն համարում այս պնդումները։ Կուսակցության պատգամավոր, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը գլխավորող Հովհաննես Սահակյանը այսպես արձագանքեց հրապարակված քննադատությանը. - «Սահմանադրության բովանդակային քննարկումների փոխարեն խոսել, չգիտեմ, առճակատումներից, հեղափոխությունից, կոչ անել միջազգային հանրությանը, որ հավանության չարժանացնեն, և այլն, և այլն, դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ այդ քաղաքական ուժերը չունեն իրենց մեջ վստահություն, որ ընտրություններին կհաղթեն: Խոսում են, որպեսզի երաշխավորեն իրենց հետագա պարտությունը»: