Բավ է պառակտվել
06-03-2015 15:55

ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել ԲՀԿ-ի հետ.

ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցելու ԲՀԿ-ի հետ: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ նշելով, որ ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն է հայտարարել, եւ դա արդեն հիմք է համագործակցության համար: «Ուզում եմ շնորհավորել ԲՀԿ նորաստեղծ վարչությանը: Արտահերթ համագումարով նրանք կարողացան նոր վարչություն ստեղծել, և վերջապես հանգուցալուծել այն իրավիճակը, որը ստեղծվել էր փետրվարի 12-ից ի վեր: Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, թե ԲՀԿ-ն ընդդիմություն է, սպասելի էր, քանի որ այն, ինչ տեղի ունեցավ ԲՀԿ անդամների հետ, այլ լուծում չէր կարող գտնել, քան ընդդիմություն հայտարարելը: Համագործակցության մասով կարող եմ ասել, որ ՀԱԿ-ը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ԲՀԿ-ի հետ: Հարցը մենք խմբակցությունում չենք քննարկել, բայց ես` որպես ՎՍԴՀԿ ատենապետ, պատրաստ եմ համագործակցել նրանց հետ»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը՝ նշելով, որ Նաիրա Զոհրաբյանն այն անձն է, որը կարող է փոխարինել Գագիկ Ծառուկյանին: Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով՝ այս պահին ընդդիմության դաշտը վերադասավորվում է։ «Այս իրավիճակում ամենացավալին այն է, որ քաղաքական ուժերի հնարավորությունները սահմանափակվեցին, և այն բևեռը, որը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը, այլևս չկա: Ես կարծում եմ, որ ժողովուրդն այսօր հուսախաբ է, բայց ոչ թե ընդդիմությունից, այլ երկրում տիրող իրավիճակից: Այստեղ ընդդիմությունը շատ մեծ անելիք ունի: Պետք է մի կողմ դնել ամբիցիաները, որոնք իսկապես կան ընդդիմության մեջ, և համախմբման միջոցով հասնել հաջողության»,- ասաց պատգամավորը: