Բավ է պառակտվել
13-01-2014 16:27

« Անիմաստ է բանավիճել մեկի հետ, ով 6 տարի շարունակ արդարացնում է իր ձախողումները նախորդների գործողություններով»-Ռոբերտ Քոչարյանը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հակադարձելով վարչապետ Տիգրան Սարգսյանի վերլուծությանը, այսօր 2-rd.am կայքին տված հարցազրույցում ասել էր, թե բանավիճել որևէ մեկի հետ, առավել ևս վարչապետի, չի պատրաստվում: «Նրա վերջին հոդվածը ցույց է տալիս, որ նա անհույս է: Անիմաստ է բանավիճել մեկի հետ, ով 6 տարի շարունակ արդարացնում է իր ձախողումները նախորդների գործողություններով»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանը հարցազրույցի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե կողմնակից է պրոֆեսիոնալ և քաղաքակիրթ մատուցմամբ ցանկացած բանավեճի, առավել ևս, եթե դրանք վերաբերում են մեր պետության կենսական խնդիրներին, ինչն առկա է այս հարցազրույցում: «Այս դեպքում, հատկապես՝ ասելիքի մատուցման առումով, հարցազրույցը շահեկանորեն տարբերվում է Ռ. Քոչարյանի մյուս անդրադարձներից»:

Պատգամավորի համոզմամբ, ըստ էության, Ռոբերտ Քոչարյանի մոտեցումները հիմնականում շարունակում և լրացնում են ԱԺ-ում քննարկումների ժամանակ ոչ իշխանական ուժերի կողմից հնչեցրած գնահատականներին: «Այլ խոսքով՝ պարոն Քոչարյանը իր այս հարցազրույցով ամբողջությամբ պաշտպանում է ԱԺ-ի ոչ իշխանական ուժերի դիրքորոշումը այս կարևորագույն խնդիրների հարցում»,- գրել է «Ժառանգություն» խմբակցության անդամը:

«Չեմ կարծում, որ որևէ լուրջ քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ հանրապետությունում ստեղծված այս ծանրագույն վիճակի հիմնական մեղավորը պետք է փնտրի Կառավարության մեջ: Անշուշտ, Կառավարությունը ստեղծված իրավիճակի կարևոր պատասխանատուներից է, բայց ոչ հիմնականը: Ի դեպ, Կառավարության ծրագիրը քննարկելու ժամանակ իմ ելույթում պարոն Տ. Սարգսյանին և ամբողջ Կառավարությանը առաջարկեցի հրաժարական տալ՝ հիմնավորելով, որ երկու տասնամյակ շարունակ ձևավորված այս հակահամակարգային պայմաններում, անհնար է որևէ իրական ծրագիր իրականացնել, անկախ նրանից, թե ով է վարչապետը, կամ ովքեր են Կառավարության անդամները: Խնդիրը ձևավորված համակարգի մեջ է, որը միանձնյա ղեկավարում է ՀՀ նախագահը»,- նշել է Ռուբեն Հակոբյանը: