Բավ է պառակտվել
12-01-2016 11:25

Մերկելը խոստովանել է, որ փախստականների իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից

 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ միգրացիոն ճգնաժամը խոցելի է դարձրել Եվրոպան և ԵՄ անդամ երկրների իշխանությունները չեն կարողանում լիովին կարգավորել տիրող իրավիճակը: «Ակամայից մենք բախվել ենք մի խնդրի, երբ փախստականների մեծ խմբեր ժամանում են Եվրոպա և մենք դառնում ենք խոցելի, քանի որ չենք կարողանում ապահովել կարգուկանոն ու վերահսկողությունը»,- գերմանական Մայնցում իր ունեցած ելույթի ընթացքում հայտարարել է Մերկելը: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ եվրոպական միասնական արժույթի կայունությունը պայմանավորված է նաև բաց սահմաններով, և փախստականների անցուդարձը սահմանափակող ցանկացած քայլ կարող է բացասական ազդեցություն ունենալ եվրոյի արտարժույթի վրա: «Ոչ ոք չպետք է իրեն այնպես պահի, ասես գոյություն ունի միասնական արժույթ, բայց չկա ազատ տեղաշարժի հնարավորություն։ Փակ սահմանների դեպքում միասնական եվրոպական շուկան շատ կտուժի»,- ասել է նա։

Եվրոգոտու ճգնաժամը

Գերմանիան,ի տարբերություն եվրոպական այլ երկրների 2015 թ.-ին միլիոնից ավել փախստականների է ընդունել աֆրիկյան և մերձավորարևելյան երկրներից: Նրանց ներկայությունը երկրում քաղաքական իրավիճակի ապակայունացմանն է հանգեցրել: Կանանց վրա զանգվածային հարձակումների հետևանքով Ամանորի նախօրեին Քյոլնում և այլ քաղաքներում աճել է հակաիսլամական PEGIDA շարժման ժողովրդականությունը` հունվարի 9-ին, ծայրահեղ աջակողմյանների ցույցին Քյոլնում ներկա է եղել ավելի քան հազար մարդ:Ընթացիկ տարվա մարտին Գերմանիայում տեղական կառավարման մարմինների ընտրություններ են կայանալու: Մերկելը փախստականների պաշտպանության հայտարարություններով է հանդես եկել, ինչի դուր չի եկել իր կուսակիցներին: