Բավ է պառակտվել
19-07-2016 16:59

Անդրիաս Ղուկասյան․ Այս իրավիճակը վկայում է՝ երկրի ներքին անվտանգությունն ապահովված չէ

«Ինքնին այս իրավիճակը վկայում է, որ մեր երկրի անվտանգությունը՝ ներքին անվտանգությունը, ապահովված չի», - ասաց «Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը, ով նույնպես գիշերը Խորենացու փողոցում էր:

Բազում հարցեր կան, ընդգծեց նա, մասնավորապես՝ «առհասարակ ինչպե՞ս ստացվեց, որ Ազգային անվտանգության ծառայության հսկողության տակ գտնվող քաղաքացիներ, առանց մեծ ինչ-որ խնդիրների, գրավեցին ոստիկանական զորամաս, մի ամբողջ գունդ»:

Ղուկասյանի խոսքով՝ Խորենացու փողոցում մարդկանց հավաքվելու պատճառն այն է, որ շատերը չեն վստահում իրավապահ մարմիններին:

«Տեսնում ենք նաև, որ այդ զոհված և վիրավորված ոստիկանության ծառայողների հետ կապված նույնպես քրեական գործ չի հարուցվել, որովհետև հանգամանքները, ըստ երևույթին, հասկանալի չեն, պարզ չեն, հանրությանը դրա վերաբերյալ համապատասխան տեղեկություններ չեն ներկայացվել, առայսօր չկա բացատրություն՝ գեներալ-մայոր, Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն ինչպես է հայտնվել որպես պատանդ․․․», - նշեց նա: