03-03-2014 14:32

Մարտի 1-ի հանրահավաքից Անահիտ Բախշյանն ՛՛ապշած՛՛ է գնացել

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը տեղեկացրեց, որ մարտի 1-ի հանրահավաքից ինքը ՛՛շվարած՛՛ է հեռացել

՛՛Հանրահավաքից հետո շվարած եմ դուրս եկել: Ավելի շվարեցի` ինքս ինձ հարց տալով` ինչ պիտի լինի մեր վաղվա օրը՛՛,-հավելեց Բախշյանը և անրադարձավ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին: Ըստ նրա առաջին նախագահի խոսքերն էլ ավելի շատ հարցերի տեղիք են տվել:

՛՛Օրինակ` Ծառուկյանին Իվանիշվիլիի հետ համեմատելը: Սոցկայքերն արդեն խոսել են տարբերությունների մասին, ես միայն մի բան կասեմ. Խոսվում է, որ Գագիկ Ծառուկյանի թիկնապահները մասնակցել են 2008թ. մարտի մեկի խժդժություններին: Այսքանը կասեմ միայն՛՛,- ասաց նա:

Իսկ ասուլիսին մասնակից Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից զարմացրել է միայն Մաքսային միությանն անդամակցելու մասին դրական կարծիք հայտնելը:

Նա նշեց, որ հանրահավաքին չի մասնակցել, քանի որ հենց սկզբից էլ համոզված էր, որ միտինգը ոչինչ չէր տա:
՛՛Իսկ ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին, ավելացնեմ, որ ինձ զարմացրել է միայն Մաքսային միությանը միանալու մասին դրական խոսելը, որովհետեւ նույն Լեւոն Տեր-Պետրոսյանը 90-ականներին դեմ էր Մաքսային միությանն անդամակցելուն՛՛,- հավելեց Պաշտպանության նախկին փոխնախարարը:

Նշենք որ մարտի մեկին կայացած հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները տարակուսանք էին առաջացրել հասարակության շրջանում, հատկապես, երբ առաջին նախագահը նշել էր, որ արմատական փոփոխությունների իրականացման մտքին աստիճանաբար հակվում են նաեւ պետական ապարատի որոշ շերտեր, ինչպես նաեւ խոշոր գործարարների առանձին ներկայացուցիչներ, որոնց այս կամ այն չափի մասնակցությունը համաժողովրդական պայքարին կարող է վճռական դեր խաղալ իշխանափոխության գործընթացում, ինչպես դա տեղի ունեցավ Վրաստանում և Ուկրաինայում։
Իսկ ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջին նախագահը նշել էր.

՛՛Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը այլևս անշրջելի է, իսկ եվրոինտեգրումը տեսանելի
ապագայում անհնարին: Ըստ այդմ` թե՛ Կոնգրեսը, թե՛ որևէ այլ քաղաքական ուժ իր հաշվարկները կատարելիս պարտադրված է մեկնել այս անժխտելի իրողությունից, քանի որ դրա անտեսումը ծնելով սին պատրանքներ ու կեղծ օրակարգեր, կարող է հանգեցնել լուրջ սխալների ու վտանգավոր հետևանքների՛՛,- ասաց նա:
Նա ընդգծեց, որ Հայաստանն այսօր կանգնած է Մաքսային միությունում արժանապատիվ իշխանությամբ հանդես գալու խնդրի առջև՛՛: