04-06-2014 16:35

Մոսկվայում հանդիպել են ՀՀ ԱՆ- և ՌԴ Ազգային բժշկական պալատի նախագահը

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մոսկվա կատարած այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Բժշկական գիտությունների ակադեմիայի Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Ազգային բժշկական պալատի նախագահ, անվանի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալի հետ: Արմեն Մուրադյանը բարձր է գնահատել Լեոնիդ Ռոշալի ջերմ ու բարեկամական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ և հատկապես նրա մարդկային բարձր հոգացությունն ու ցուցաբերած աջակցությունը 1988-ի ավերիչ երկրաշարժից տուժած երեխաների բուժման գործում։

Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել Հայաստանում Բժշկական պալատի կայացման գործընթացն արագացնելու գործում: Այն պետք է կարևոր դերակատարություն ունենա բուժաշխատողների իրավունքների պաշտպանության, աշխատանքային պատասխանատվությունից բխող հարցերի իրավական կարգավորման հարցում: