23-10-2014 13:03

Ուզում ենք ցույց տալ, որ ոչ միայն Ցեղասպանություն ենք կրել, այլ նաև կարողացել ենք հառնել.Ա. Վիրաբյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը տեղեկցրեց, որ Ազգային արխիվը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ուղղված աշխատանքների շրջանակում չորս ծրագիր ունի: «Առաջին ծրագիրը Ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի հրապարակումն է հայերեն և անգլերեն լեզուներով՝ հատկապես Կիլիկիայի և Անատոլիայի արևմտյան հատվածում իրականացված կոտորածների վերաբերյալ»,-ասաց Պրն. Վիրաբյանն ու հավելեց. «Երկրորդ ծրագիրը հայերի նյութական, մշակութային կորուստների ժողովածուների շարքն է: Ամեն ինչ հարյուրամյակով չի ավարտվում, այլ սկսվում է: Սա երկար պայքար է»: Շարունակելով խոսքը Ազգային արխիվի տնօրենը նշեց, թե երրորդ ծրագիրն այն է, որ նախապատրաստվում է մի շտեմարան, որում կլինեն այն մարդկանց անունները, որոնք 1915 թվականին դարձել են Եղեռնի զոհ: Չորրորդ ծրագիրն, ըստբանախոսի,այն է, որ փորձելու են աշխարհին ներկայացնել հարյուր մարդ, ովքեր փրկվելով Ցեղասպանությունից՝ տարբեր երկրներում հասել են մեծ հաջողությունների:
«Մենք ուզում ենք ցույց տալ, որ ոչ միայն Ցեղասպանություն ենք կրել, այլ նաև կարողացել ենք հառնել»,-ասաց նա և նշեց, որ անհրաժեշտ է ոչ միայն Ցեղասպանության ճանաչումը, այլ նաև հետևանքների վերացումը՝ նկատելով, որ Թուրքիան էլ իր հերթին է աշխատանքներ է տանում՝ Ցեղասպանության ճանաչման դեմ: