Բավ է պառակտվել
08-04-2016 15:59

Բանակցություններին այլընտրանք չկա. Մեդվեդևը՝ Բաքվում

ՌԴ-ն առավելագույնս հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գաղափարին, բանակցություններն այլընտրանք չունեն։ Այդ մասին Բաքվում հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո: 
«Ես կարծում եմ, որ բանակցություններին, խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, այդ պատճառով մենք, իհարկե, ողջունում ենք կրակի դադարեցումը։ Եվ հույս ունենք, որ դա կայուն և երկարատև բնույթ կկրի և հուսալի հիմք կլինի բանակցությունները վերսկսելու և առաջ շարժվելու համար այն մոտեցումների շրջանակներում, որոնք վերջին տարիներին ձևավորվել են՝ կողմերի դիրքորոշումների մոտեցում, փոխզիջումների որոնում: Որովհետև ոչ մի հակամարտություն երբեք չի ավարտվում կողմերից մեկի հաղթանակով, դա միշտ բարդ փոխզիջումների շարք է, որին հարկավոր է գնալ հակամարտությունը վերացնելու և կայուն խաղաղություն հաստատելու համար»,- ասել է Մեդվեդևը լրագրողներին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին հայտարարել է, որ Ղարաբաղում հակամարտության կարգավորումը «հարկավոր է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, դրանում շահագրգռված է նաև Ռուսաստանը»։

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը հետագայում նույնպես կանի իրենից կախված ամեն բան Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար: 
«Հուսով եմ, որ այս պահին հաստատված խաղաղությունը երկարատև կլինի, և կողմերը կշարունակեն քննարկել կարգավորման հարցը բանակցային սեղանի շուրջ։ Ես ինքս ժամանակին դրա համար շատ ջանք եմ գործադրել, ցանկալի կլիներ, որ դա չկորչեր: Ամեն դեպքում, կարող եք չկասկածել՝ Ռուսաստանի Դաշնությունը կանի իրենից կախված ամեն բան»,- ասել է Մեդվեդևը: