03-09-2014 15:09

Ռուսաստանն ամբողջությամբ մեկուսացված երկիր է.Ալ. Արզումանյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանը հայտարարեց, որ այսօր լրիվ այլ քաղաքական իրավիճակում ենք գտնվում, քան մեկ տարի առաջ, քանի որ աշխարհաքաղաքական վիճակն էլ է փոխվել. «Ռուսաստանն ամբողջությամբ մեկուսացված երկիր է, Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին հռչակել է որպես իրեն թշնամի կառույցներ, բևեռացում է առաջացել, և սպառնալիքները շատացել են»,-ասաց բանախոսը: Քաղաքական գործչի խոսքով՝ բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվել, և հարց է առաջանում՝ այս իրավիճակում տեղի՞ն է արդյոք մեր միացումը Եվրասիական տնտեսական միությանը: Ես ի սկզբանե դեմ եմ եղել այս կառույցին Հայաստանի անդամակցելուն:
«Հայաստանը բավականին մանևրելու տեղ ունի: Մանևրելը մեր ճակատագիրն է՝ հաշվի առնելով նաև մեր կոնտուրները: Ակնհայտ է, որ առանց այդ էլ խնդրահարույց այդ միությունը չի ունենալու ոչ մի քաղաքական հեռանկար, դա մնալու է թղթի վրա, իսկ թե երբ կարձանագրի մահկանացուն, դա էլ ժամանակը ցույց կտա»,-ասաց Ալ. Արզումանյանը։ «Կարծում եմ Հայաստանը դատապարտված է ունենալ լավ հարաբերություններ թե՛ ՌԴ-ի, թե՛ Եվրոպայի, Թե՛ ԱՄՆ-ի, նաև՝ Չինաստանի հետ»,եզրափակեց Ազգային ժողովի պատգամավորը: