27-06-2014 14:47

ԵԽԽՎ-ում Ալիևը խայտառակվեց բրիտանացի պատգամավորների մոտ

ԵԵԽՎ-ում Ադրբեջանի նախագահի արձագանքը բրիտանացի պատգամավորի հարցին ավելի խայտառակեց նրան ամբողջ եվրոպական ընտանիքի առջեւ, քան եթե հայկական պատվիրակությունը հարց տար: Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու են հայկական պատվիրակության անդամները պասիվ ԵԽԽՎ-ում:

«ԵԽԽՎ-ում պատվիրակությունը 30 վրկ ունի հարց տալու, իսկ դիմացինդ անսահմանափակ ժամանակ պատասխանելու համար: Եկեք գիտակցենք, որ ոչ միայն մենք ենք պատրաստվում, այլեւ ադրբեջանական կողմն էլ ամեն այցից առաջ նախապատրաստվում է: Ալիեւը պատրաստվել էր հայկական կողմի գրեթե բոլոր հարցերին պատասխանելու համար: Ինչ խոսք, Ալիեւի արձագանքը բրիտանացի պատգամավորին ավելի խայտառակեց նրան ամբողջ եվրոպական ընտանիքի առջեւ, քան եթե Հայաստանը հարց տար: Եթե Թեւան Պողոսյանն այնտեղ լիներ, միգուցե այլ բան լիներ, բայց պետք չէ ասել, թե լավ կլիներ: Ժամանակ կանցնի, կգնահատենք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում Ադրբեջանի նախագահը ստի մեջ էր մեղադրել Մեծ Բրիտանիայի պատվիրակ Փոլ Ֆլինին, ով «համարձակվել էր» հարցնել Ադրբեջանում լրագրողների դեմ հարձակումների մասին: «Դու ստում եք: Դա սուտ է»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ իր երկրում «ազատ ու արդար ընտրություններ են անցկացվել»: «Մեր երկրում այդպես է, հնարավոր է, ձեր երկրում այլ կերպ է»,- հավելել էր Ալիեւը: