03-09-2014 14:39

Էրդողանը Ալիևի հետ Ղարաբաղի հարցը կքննարկի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր մեկնել է Ադրբեջան:
Էրդողանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկելու են այն բոլոր հարցերը, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերություններին և գործընկերությանը, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ:
Էրդողանն ընդգծել է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված հարցեր կքննարկեն:

«Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարօրության հաստատումը շարունակում է մնալ Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում: Տարածաշրջանում համապարփակ և շարունակական խաղաղությանն ուղղված աշխատանքներում փորձում ենք ակտիվ ներդրում ունենալ: Պարոն Ալիևի հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված աշխատանքների շուրջ մտքեր կփոխանակենք: Կքննարկենք, թե Թուրքիան այս համատեքստում ինչ ներդրում կարող է ունենալ»,- ասել է Էրդողանը՝ համոզմունք հայտնելով, որ այս այցը երկու երկրների և ժողովուրդների բարեկամական և եղբայրական հարաբերությունները էլ ավելի կամրապնդի: