Բավ է պառակտվել
04-04-2016 16:04

Ալիևը մտել է ավանտյուրայի մեջ ու վախենում է և՛ կանգնել, և՛ շարունակել. Դ. Բաբայան

Այս պահին իրավիճակը մնում է դեռևս ինչ-որ չափով լարված, սակայն, ընդհանուր առմամբ, վերահսկելի: Այս մասին ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը և նշեց, որ հակառակորդը կրկին փորձեր է կատարել ներթափանցել Արցախի Հանրապետության տարածք, ստացել է համարժեք պատասխան, հետ է շպրտվել բոլոր ուղղություններով, կրել է տասնյակ կորուստներ, խփվել է հինգ տանկ: Դավիթ Բաբայանն ասաց, թե ժամանակը ցույց կտա, որքան կտևի այս վիճակը: «Ալիևն իրեն գցել է, այսպես ասած, վատ ծուղակի մեջ, կրում է հարյուրավոր զոհեր, տասնյակ կորուստներ, երկու տասնյակ տանկ է կորցրել, 4-5 անօդաչու սարքեր, հարյուրավոր վիրավորներ ունի, ինչպե՞ս պետք է նա իր ժողովրդին բացատրի, թե ինչի համար է այս ավանտյուրան կատարվում: Ալիևը մտել է այդ ավանտյուրայի մեջ և վախենում է և՛ կանգնել, և՛ շարունակել»,- ասաց նա: Ինչ վերաբերում է միջազգային կոչերի արդյունավետությանը, ապա նա ասաց. «Իհարկե, կոչերը շատ կարևոր են, մենք նման կոչերն արժևորում ենք, բայց ակնկալում ենք ավելի կոշտ մոտեցում միջազգային հանրության, մասնավորապես՝ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից, որովհետև Ալիևի այս պահվածքը պարզապես անընդունելի է և արդեն ամոթ կլինի, եթե ավելի կոշտ արձագանք չլինի»։ Դավիթ Բաբայանը նկատեց, որ միգուցե այդ կոշտ արձագանքը լինելու է ոչ հրապարակային, սակայն պետք է, որ լինի: «Բայց մենք մեր կողմից շարունակելու ենք Ադրբեջանին թույլ չտալ, որ ռազմավարական նախաձեռնությունը վերցնի ձեռքը»,- ասաց նա: Դավիթ Բաբայանն ասաց, որ Արցախի բոլոր շրջաններից, Հայաստանի Հանրապետությունից կամավորագրվում են: «Նույնիսկ 14-17 տարեկան երեխաները ցանկանում են գալ և զինվորագրվել , իհարկե, տարիքի համար չենք ընդունում: Սփյուռքը ևս մեզ հետ է: Սա ոգևորիչ է և ցույց է տալիս, որ Արցախը միայնակ չէ, և հայ ժողովուրդը պատրաստակամ է իր անկախությունը, արժանապատվությունը և անվտանգությունը պահպանել, ապահովել: Սա նաև մեսիջ է ուղղված Ադրբեջանին և նրանց հովանավորող Թուրքիային, որ հայությունը միասնական է և հաստատակամ»,- հավելեց նա: