20-06-2016 17:00

Ղարաբաղում ստատուս քվոն անընդունելի է.Ալիև

Ղարաբաղյան հակամարտության իրադրության մեջ ստատուս քվոն պետք է հաղթահարել, բայց դրա համար պետք է այդ տարածաշրջանից դուրս բերել հայկական զորքերը։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

«Հակամարտությունը ձգձգվում է, ինչպես հայտարարել են Ռուսաստանն ու ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահները, ստատուս–քվոն անընդունելի է, մենք այդ հայտարարությունն ամբողջովին պաշտպանում ենք»,–ասել է Ալիեւը։

«Սակայն որպեսզի ստատուս քվոն փոխվի, պետք է սկսել Ադրբեջանի տարածքի ապաօկուպացումը, որն ավելի քան 20 տարի բռնազավթված է»,– կարծում է Ադրբեջանի ղեկավարը։

Նա նաեւ հայտնել է, որ Պուտինի հետ մտադիր է մանրամասն քննարկել Լեռնային Ղարաբաղի թեման։ «Մենք հույս ունենք, որ կկարողանանք բանակցային գործընթացին կառուցողական դինամիկա հաղորդել, որը վերջին 2 տարվա ընթացքում գրեթե չի տարվել»,– ընդգծել է Ալիեւը։

Միաժամանակ նա շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների եռակողմ հանդիպման նախաձեռնության համար, ինչպես նաեւ Ռուսաստանի կառուցողական դերի համար, որը նա խաղում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ։