07-08-2014 19:03

Կարգավորման գործում առկա բանակցային հիմնադրույթների կիրառմամբ խաղաղ լուծումն իրատեսական չէ.Ա. Մելիքյան

«ՀՀ և ԱՀ նախագահների առաջիկա հանդիպումից կարելի ակնկալել ճակատային գծում իրավիճակը հանդարտեցնելու և բանակցային սեղանի շուրջ փոխընդունելի լուծումների փնտրտուքը շարունակելու վերաբերյալ հավաստիացումներ», -news.gisher.ru-ի հետ զրույցում, անրադառնալով առաջիկայում կայանլաիք եռակողմ հանդիպմանը, նշեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Ըստ Արման Մելիքյանի՝ շփման գծում իրավիճակի սրումը կապված է Ալիևի կողմից ճամբարի ընտրության վերաբերյալ որոշումը հետաձգելու ցանկության հետ՝ նա պետք է հստակ ասի, արդյոք Ռուսաստանի կողքին է, թե նախընտրում է անցնել Արևմուտքի ճամբարը: «Առայժմ նա գերադասում է ժամանակ ձգել ճակատային գծում զինված միջադեպեր հրահրելով: Հանդիպման կազմակերպմանը, այդպիսով, մասնակցեցին բոլոր համանախագահները՝ Ֆրանսիան հանդես եկավ այն կազմակերպելու առաջարկով, ԱՄՆ հորդորեց այդ հանդիպումը հնարավորինս արագ կազմակերպել, իսկ Ռուսաստանն էլ առաջարկեց այն անցկացնել Երևանից ու Բաքվից ոչ շատ հեռու գտնվող Սոչիում՝ հավանաբար չցանկանալով, որ պարոնայք Ալիևն ու Սարգսյանը ճանապարհի վրա շատ ժամանակ ծախսեն»,-նշեց զրուցակիցս: Արման Մելիքյանը կարծում է, որ կարգավորման գործընթացում, առկա բանակցային հիմնադրույթների կիրառմամբ խաղաղ լուծում ակնկալելն իրատեսական չէ, սակայն խաղաղության պահպանման հեռանկարի տեսանկյունից՝ բանակցային գործընթացն արժե, որ շարունակվի, մինչև նոր գաղափարների ի հայտ գալը: «Այս պահին բոլոր երրորդ պետությունները կգերադասեն համահավասար հեռավորություն պահպանել հակամարտության կողմերի հանդեպ և դիտարկել վերջիններիս միևնույն հարթությունում»,-շեշտադրեց ԼՂՀ նախկին արտգործնախարարը:

Տաթև Առաքելյան