Բավ է պառակտվել
12-03-2014 15:08

«Ադրբեջանն ունի տարբեր հռետորիկա»: Մարկարով

Այսօր լրագրողների հետ հանդիպեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն ու անրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունն, ըստ որի «պաշտոնական Բաքուն պատրաստ է ստորագրել բազմակողմ խաղաղության պայմանագիրը» ասաց. «ՀՀ-ն այս տարիների ընթացքում խոսում է և գործում է այն ոճով, որը շեշտադրում է խաղաղ պայմանագրի կամ գոնե հիմնարար սկզբունքների ստորագրման անհրաժեշտությունը»:
Քաղաքագետի խոսքով՝ բոլորս էլ պատրաստ ենք, խնդիրը այն չէ, որ ինչ-որ մեկը պատրաստ է կամ պատրաստ չէ: Հարցն այն է, թե ինչ բովանդակություն կունենա այդ համընդհանուր հաշտեցման պայմանագիրը: «Հանկարծակի ադրբեջանական կողմը ասում է դա և մատուցում է որպես մեծ անակնկալ: Մյուս կողմից անակնկալ է, որ մարդիկ ռազմական գործողություններից փորձում են գոնե բառերի միջոցով ասել, որ պատրաստ են խաղաղության գնալ: Խնդիրը ոչ թե բառերն են, այլ գործողություններն ու հռետորիկան, որոնք միմյանցից էականորեն տարբերվում են»,- ասաց Պարոն Մարկարովը:
«Միջազգային հանրությունը ևս մեկ անգամ նկատեց, որ հայկական կողմը պատրաստ է կարգավորման հասնել խաղաղ ճանապարհով: Հայկական կողմի և արտահայտությունները, և գործողություններն են միտված խաղաղության հաստատմանը, որը լինելու է և երկարատև, և կայուն»:
Մարկարովի համոզմամբ՝ Ադրբեջանն ունի տարբեր հռետորիկա՝ հռետորիկա, որն ուղղված է սեփական հասարակությանը, և հռետորիկա, որն ուղղված է միջազգային հանրությանը:
«Ցանկությունն ու իրականությունը չեն համընկնում: Ըստ էության, պայմանագիր չկա, բայց կա նախապայման Ադրբեջանի կողմից` զորքերի դուրսբերման մասին: Հայտնում են խաղաղության մասին` առաջարկելով ապրիորի այն մոտեցումները, որ անընդունելի են Հայաստանի համար»,- մեկնաբանեց Ալեքսանդր Մարկարովը: