31-01-2014 13:16

Ֆինանսապես ամենահզոր կրոնական կառույցը մորմոններն են՚. Ալ. Ամարյան

 Այսօր լրագրողների հանդիպման ընթացքում Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը նշեց, որ անցած տարվա ընթացքում կենտրոնն ակտիվ ուսումնասիրել է Հայ ավետարանական եկեղեցու և Ավետարանչական ընկերակցության գործունեությունը: Վերջինս, թեև որպես կրոնական կառույց է ձևավորված, բայց բարեգործական գործունեություն է ծավալում, նաև հովանավորում են Ավետարանական եկեղեցուն: Բանախոսի խոսքով՝ կառույցը, որին պատկանում է Ավետարանչական ընկերակցությունը, ամերիկյան է, իսկ իրենք ՀՀ տարածքում՝ Երևանի կենտրոնում, Գյումրիում, Արցախում և այլուր, հողեր են գնել և սեփականաշնորհել:
«Ավետարանականը չի կարող լինել քույր եկեղեցի: Եթե Հայ Առաքելական եկեղեցուց է դուրս եկել, արդեն աղանդ է: Դա վկայակոչում է նաև իրենց հովիվը, ով ասում է, որ իրենց կառույցի գործունեությունն աղանդակերպ է, ավելին այդ եկեղեցին զբաղված է վերամկրտությամբ, որն արգելված է»,-ընդգծեց նա:

Ամարյանի հավստմամբ, ամառային ճամբարներում անցկացնում են սեռական դաստիարակություն, իսկ կրոնական կառույցը դրա հետ որևէ կապ ունի: ՙՃամբարներում կրոնական կառույցն իրավասու չէ զբաղվել սեռական դաստիարակությամբ, որտեղ սովորեցնում են ինչ է պահպանակը, ինչ է սեռական հարաբերությունը, ինչպես է դա տեղի ունենում: Դպրոցներում են այդ առարկան անցնում, որի դասագիրքը լիցենզիա ունի»,- ասաց նա և նշեց, որ սա այն դեպքում է տեղի ունենում, երբ 18 տարին չլրացած երեխաներն, ըստ այդ կառույցների կանոնադրության, չեն ներառվելու դրանցում:
Կենտրոնի ղեկավարի խոսքով, ոչ մի պետական կառույց չի ուսումնասիրում, թե կրոնական կառույցներում ինչ է կատարվում:
«Իրենց գործունեությունը քայքայիչ է, որի հիմքում մարդկանց իրավունքների ոտնահարումն է: Իրենք պարտավորեցնում են հետևորդներին մտնել ցանցային մարքետինգի մեջ: Ցանցային մարքետինգի շատ ընկերություններ աղանդավորական գործունեություն են իրականացնում: Բացի այդ, ընկնելով այդ կրոնական կառույցներում, մարդիկ սկսում են տառապել ֆանատիզմով և պատրաստ են ղեկավարի հրամանով ամեն բան անելու՝ ընդհուպ հանցագործություն»,- մտահոգություն հայտնեց նա:
Ամփոփելով խոսքը, Ալեքսանդր Ամարյանն ասաց. ՙՈւժի առումով բոլոր կառույցներն էլ ուժեղ են, իսկ ֆինանսապես ամենահզորը մորմոններն են՚: