Բավ է պառակտվել
12-05-2016 13:44

ԼՂՀ վերամիավորման հարց այս պահին օրակարգում չկա. Ալեքսանդր Արզումանյան

Բանակցությունների չվերսկսման այլընտրանքը պատերազմն է, պետք է ամեն կերպ ձգտել բանակցությունները շարունակելուն, բայց նաև գիտակցելով մեր հարևանի նկրտումները՝ հասկանալ, որ պատերազմական իրավիճակը չի ավարտվել: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը:

«Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան քառօրյա պատերազմը պետք է սթափեցնող դաս լինի, պետք է միշտ պատրաստ լինել պատերազմի: Պետք է ադեկվատ պատասխան տալ, անհրաժեշտության դեպքում էլ պատրաստ լինենք պատերազմի: Առանց երաշխիքների, որ պատերազմը չի սկսվի, բանակցություններն անիմաստ են դառնում եւ այս առիթը պետք է օգտագործել, ԼՂՀ-ին բանակցային գործընթաց հետ բերելու համար: Պետք է վերահաստատել 1994թ. զինադադարի եռակողմ ֆորմատը»,- ընդգծեց նա:

Ալեքսանդր Արզումանյանի խոսքով, մեր դիրքերը պետք է ավելի կարծր լինեն, որովհետև արդեն հարցականի տակ է մադրիդյան սկզբունքների իրականացումը: «Այս պահին առաջնահերթ խնդիրներից է Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումը եւ հարակից խնդիրների լուծումը»,-նշեց նա: