26-09-2015 12:39

Ադրբեջանական սահմանամերձ գոտու գյուղերից տարհանում են խաղաղ բնակչությանը. Գ. Այվազյան

Ադրբեջանագետ, Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանի այսօր կայացած ասուլիսին խոսելով սահմանային լարվածության մասին ասաց.
«Ալիևը նպատակաուղղված ուզում է տապալել բանակցային գործընթացը Մինսկի խմբի շրջանակներում: Մինսկի խմբի իրական նպատակը ոչ թե խաղաղության հասնելն էր, այլ խաղաղությունը պահպանելը և իրադարձություններն այսօր ցույց են տալիս, որ Մինսկի խումբը չի կատարում իր առաքելությունը»:
Բանախոսը նկատեց, որ քանի դեռ միջազգային կառույցները հավասարության նշան են դնում ագրեսոր Ադրբեջանի և պաշտպանվող Հայաստանի միջև, ագրեսորին չեն կոչում իր անունով, այս իրավիճակը կշարունակվի:
«Ալիևը Ադոլֆ Հիտլերի մեծ երկրպագուն է, նա ևս սիրում է իր ճառերը հայելու առաջ փորձել:
Նա համամիտ է Հիտլերի այն կարծիքին, որ խաղաղությունը, որը տևում է քսան տարի՝ վնասակար է ժողովրդի ու պետության համար»:
Բանախոսը նկատեց, որ Ադրբեջանը ուզում է այնպես անել, որ Հայաստանը դուրս գա Մինսկի խմբի շրջանակներում տարվող բանակցություններից: Գ. Այվազյանի պնդմամբ հարցի միակ լուծումը կլինի այն, որ Հայաստանը իր տեղը բանակցային սեղանին զիջի Արցախի հանրապետությանը:
«Քանի դեռ Հայաստանն է նստած բանակցային սեղանին Ղարաբաղի փոխարեն, մենք նպաստում ենք Ադրբեջանի քարոզչությանը»:
Բանախոսը հայտնեց, որ հավաստի տվյալների համաձայն Ադրբեջանական սահմանամերձ գոտու գյուղերից տարհանում են խաղաղ բնակչությանը:
«Դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է շարունակել այս հարձակվողական քաղաքականությունը և ավելի կտրուկ քայլերի դիմել: Ադրբեջանը բանակցային գործընթացից շրջվել է դեպի պատերազմ: Խրամատային պատերազմը արդեն մեկ տարի է ինչ սկսվել է, պատերազմը փաստացի վերսկսվել է»:
Արբեջանագետը նշեց, որ ՀՀ իշխանությունների ներկայացուցիչները անընդհատ կրկնում են, որ Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի, բայց մենք իրականում չենք կարող պնդել դա, մենք միայն կարող ենք ասել, որ մենք ենք պատրաստ դիմակայելու նրանց գործողություններին:
«Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, Ռուսաստանը անշուշտ կկանգնի մեր կողքին, բայց առաջին հարվածը մենք պերտք է կրենք, մենք պետք է կարողանանք դիմակայել, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ մեր բնակչությունը տեղեկացված և պատրաստ լինի դրան», -ճեզրափակեց բանախոսը:

Մարինե Բարսեղյան