23-09-2014 12:30

ԱԺ փոխնախագահը դրական է գնահատում ԼՂ հարցում Չեխիայի դիրքորոշումը

Շոտլանդիայի հանրաքվեն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման դասական օրինակ է: Այս մասին, սեպտեմբերի 22-ին, հայտարարել է պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ Չեխիայի ԱԳ փոխնախարար Մարտին Տլապայի եւ Չեխիայի խորհրդարանի սենատի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Միրոսլավ Կրեյչայի հետ հանդիպումների ժամանակ:ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ հայկական պատվիրակության այցը Չեխիա լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-չեխական հարաբերությունների զարգացման եւ երկկողմ փոխշահավետ համագործակցության ամրապնդման համար:
Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Վիլնյուսում ընդունված Հայաստան-Եվրամիություն համատեղ հայտարարությամբ վերահաստատվել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու բարեփոխումների գործընթացը՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության շարունակական ամրապնդմանը: Նրա համոզմամբ՝ ժողովրդավարական արժեքներն այլընտրանք չունեն: Չեխական կողմն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը:


ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել ԼՂ հակամարտության հարցում Չեխիայի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշումը՝ նկատելով, որ Չեխիան պաշտոնապես սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ որպես միջազգայնորեն ճանաչված բանակցային միակ ձեւաչափ: Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ ինքնորոշման իրավունքը հիմնարար սկզբունք է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում: Նա անդրադարձել է վերջերս Շոտլանդիայում անկախության հանրաքվեի անցկացմանը՝ նշելով, որ այն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման դասական օրինակ է:
Հայկական պատվիրակության անդամներ Տաճատ Վարդապետյանը, Մարգարիտ Եսայանը եւ Արծվիկ Մինասյանն անդրադարձել են Հայաստանի եւ Չեխիայի խորհրդարանների միջեւ համագործակցությանը՝ կարեւորելով միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնումը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Մարտին Տլապային եւ Միրոսլավ Կրեյչային հրավիրել է մասնակցելու ապրիլի 22-23-ը Երեւանում անցկացվելիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով համաշխարհային համաժողովին: