22-09-2014 12:49

Խորհրդարանական պատվիրակությունը մեկնել է Չեխիա

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Չեխիայի Հանրապետության խորհրդարանի սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի հրավերով սեպտեմբերի 22-ին պաշտոնական այցով մեկնել է Չեխիա: Պատվիրակության կազմում են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Տաճատ Վարդապետյանը և ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի մամուլի գրասենյակը: Խորհրդարանական պատվիրակությունը Պրահայում հանդիպումներ կունենա Չեխիայի խորհրդարանի սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի, Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի փոխնախագահ Վոյտեխ Ֆիլիպի, Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ Կարդինալ Դուկայի, Չեխիայի ԱԳՆ Գլխավոր քարտուղար Վլադիմիր Զավազալի, Սենատի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Միրոսլավ Կրեյչայի, պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովայի, Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշի և Պրահայի փոխքաղաքապետ Վացլավ Նովոտնիի հետ: Խորհրդարանական պատվիրակությունը հանդիպում կունենա նաև Մորավո-Սիլեզյան երկրամասի նահանգապետ Միրոսլավ Նովակի հետ: Սեպտեմբերի 26-ի երեկոյան ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երևան: