Բավ է պառակտվել
04-04-2014 14:12

«Շնորհավորում եմ հայ ժողովրդին Տիգրան Սարգսյանի հրաժարականի կապակցությամբ».ԱԺ ՀԱԿ պատգամավոր

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ասաց. «ՀՀ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը «պարտադրված» է հրաժարական տվել, ինչքան էլ կներկայացնեն, թե մեկ ամիս առաջ է նման որոշում կայացրել»: «Պարտադրված հրաժարական է, որը պարտադրված է եղել Բաղրամյան 26-ից: Երեկ առավոտյան կառավարության նիստի ժամանակ Տիգրան Սարգսյանը չի էլ իմացել, որ հրաժարական է տալու նույն օրը»,- ասաց պատգամավորն ու հավելեց, որ խորհրդարանական չորս ոչ կոալիցիոն ուժերի և «Դեմ եմ» շարժման ճնշումներն են ազդել նման որոշման վրա:
«Հայաստանում տեղի ունեցող ձախողումները, այդ թվում տնտեսականը, կապ չունեն Տիգրան Սարգսյանի հետ: Իրական մեղավորը Սերժ Սարգսյանն է, իսկ մեր խմբակցության հիմնական նպատակը մնում է ընդհանուր իշխանափոխությունը»,- ավելացրեց պատգամավորը:
Հարցին, թե ինչ է պատրաստվում անել քառյակը, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Երեկվա օրը մեզ համար անսպասելի էր, սակայն ես հակված եմ նրան, որ մեր ծրագրերը չեն փոխվի: Մեր ծրագրերի առաջին քայլը Սերժ Սարգսյանը մի գրչով կատարեց, Սերժ Սարգսյանն օգնեց մեզ, որ առաջին փուլից մենք անցանք հաջորդ փուլ, այսինքն շարունակելու ենք պայքարել եւ հասնել արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների»: Տիկին Սարգսյանը շնորհավորեց հայ ժողովրդին Տիգրան Սարգսյանի հրաժարականի կապակցությամբ: