26-08-2014 18:21

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Կանադայի խորհրդարանական պատվիրակությանը

Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Կանադայի Համադաշնության խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում էին պատգամավորներ Բրեդ Բաթը, Լեոն Բենուան, Ռաս Հյուբերտը եւ «Մեկ ազատ աշխարհ» ՀԿ-ի նախագահ Մաջիդ էլ Շաֆին, ՀԿ անդամներ Սամուել Պլետտը եւ Հանի Պողոսյանը:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, կարեւորեց Հայաստանի եւ Կանադայի միջեւ քաղաքական երկխոսությունը եւ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ երկու երկրներն ունեն համագործակցության բարի ավանդույթներ, եւ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս միջխորհրդարանական կապերի խորացմանը:

Գալուստ Սահակյանը միջխորհրդարանական կապերի զարգացման գործում կարեւորեց բարեկամական խմբերի աշխատանքը եւ նշեց, որ ՀՀ Ազգային ժողովում կա Հայաստան-Կանադա բարեկամության պատգամավորական խումբ: Ազգային ժողովի նախագահը բարձր գնահատեց հայ եւ կանադացի խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունը ՄԱԿ-ում, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում եւ այլ հեղինակավոր միջազգային կառույցներում:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ Հայաստանը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով եւ բարձր է գնահատում Կանադայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Պարոն Սահակյանը նշեց, որ 2015 թ.-ին լրանում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, եւ անդրադառնալով մարդկության դեմ հանցագործությունների դատապարտմանը՝ բարձր գնահատեց Կանադայի դերակատարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: ՀՀ ԱԺ նախագահը հյուրերին հրավիրեց մասնակցելու 2015 թ.-ի ապրիլին Երեւանում կազմակերպվելիք «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» խորագրով միջազգային համաժողովին:

Պատվիրակության անդամները շնորհակալություն հայտնեցին ընդունելության համար եւ նշեցին, որ առավոտյան այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ ծանոթանալով թանգարանի ցուցանմուշներին՝ լիովին զգացել են հայ ժողովրդի ցավը: Նրանք սիրով ընդունեցին ՀՀ ԱԺ նախագահի՝ միջազգային համաժողովին մասնակցելու հրավերը եւ կարծիք հայտնեցին, որ ցեղասպանության ճանաչման հարցը ոչ միայն Թուրքիայի իշխանությունների խնդիրն է, այլեւ թուրք ժողովրդի:

Հանդիպման մասնակիցները քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: