02-10-2014 15:56

Ընդդիմադիր գործիչները ԱԺ ՛՛փրկում են՛՛ միապաղաղությունից. Ա. Մանուչարյան

Խորհրդարանն այն է, ինչ եղել է վերջին մեկ-երկու տասնամյակների ընթացքում. վերածվում է առավելություններ ձեռք բերելու կամ առավելությունները պահպանելու հնարավորության: Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: «Որպես կանոն խորհրդարան մտնում են հարստության հետ առնչություն ունեցող մարդիկ, այսինքն, դա զուտ տնտեսական մարմնի է վերածվում: Որոշ ընդդիմադիր գործիչներ, որոշ այլ տիպի մարդիկ, որ հայտնվում են խորհրդարանում, նրանք ուղղակի փոքր բազմազանություն են մտցնում, որպեսզի միապաղաղություն չլինի»,- ասաց Աշոտ Մանուչարյանը և հավելեց, թե այս տեսակետից խորհրդարանը սկզբունքորեն ոչնչի ունակ չէ, բայց առկա արտաքին ազդակների հետևանքով ստիպված են լինելու որոշ բաների արձագանքել: «Իսկ արտաքին ազդակների նկատմամբ ամենազգայունն այդ փողի մարդիկ են: Եվ հիմա մենք կարող ենք տեսնել շատ հետաքրքիր զարգացումներ. օրինակ՝ ինչպես 1997 թվականին էր, երբ մի օր ՀՀՇ-ի ֆրակցիան քնեց, հաջորդ օրն արթնացավ և տեսավ, որ «Երկրապահների» ֆրակցիա է ստեղծվել: Այնպես որ, խորհրդարանում բացարձակապես բացառված չեն նման զարգացումները»,- ասաց Մանուչարյանը: