16-09-2014 18:17

Արտգործնախարարն ընդունեց Լեհաստանի փոխարտգործնախարարին

Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լեհաստանի փոխարտգործնախարար Թոմաշ Օրլովսկուն, ով Երևան է ժամանել` արտգործնախարարությունների միջև խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-լեհական հարաբերությունները և նշեց, որ այս համատեքստում կարևոր էին 2011թ. Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու պաշտոնական այցը Հայաստան և 2013թ. Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Լեհաստան, որոնք նոր խթան հանդիսացան երկկողմ հարաբերությունների զարգացման և ընդլայնման համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` փոխնախարար Օրլովսկին նշեց, որ նոր պաշտոնում նշանակվելուց հետո սա իր առաջին արտերկրյա այցելությունն է, ընդգծեց, որ Լեհաստանը Հայաստանին դիտարկում է որպես կարևոր գործընկեր և ցանկանում է առավել խորացնել և ամրապնդել բազմաբովանդակ համագործակցությունը։ Զրույցի ընթացքում կարևորվեց իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, միջազգային կառույցներում համագործակցության սերտացումը, առևտրատնտեսական կապերի խորացումը, կրթության և մշակույթի ոլորտներում փոխգործակցության խորացումը: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների, «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում իրականացվող համագործակցության վերաբերյալ: Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների: