09-09-2015 22:03

ԱԳՆ-ն պարտավոր չէ ամեն օր հայտարարություն անել. Ս. Ավետիսյան

Այսօր պատասխանելով Gisher News-ի դիտարկմանը, որ անցած օրերին սահմանային աննախադեպ լարվածությանը արձագանքեց միայն ՀՀ պաշտպանական բանակը, իսկ դիվանագիտական կառույցները՝ ի դեմս ԱԳՆ-ի այդ օրերին լռում էին, ինչը բերեց նրան, որ միջազգային կառույցները կրկին հավասարի վրա դրեցին Ադրբեջանին և Հայաստանին, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ասաց.

«Բնական է, որ պաշտպանական գերատեսչությունն ինքը պետք է անդրադառնա դրան՝ հակազդելուց հետո, որովհետև նա է տիրապետում իրական ինֆորմացիային: Բացի այդ ԱԳՆ-ն անընդհատ հայտարարություններով չպետք է հանդես գա: Վերջին դեպքերի հետ կապված Է. Նալբանդյանը երկու օր առաջ հստակ հայտարարությամբ հանդես է եկել, բայց ամեն օրվա միջադեպից հետո ԱԳՆ-ն պարտավոր չէ հանդես գալ հայտարարությամբ: Դիվանագիտական մակարդակով աշխատանքները ոչ միշտ է, որ պետք է հրապարակվեն, հենց դրա համար էլ դիվանագիտական են, դա հրապարակման ենթակա չէ: Տարբեր կառույցներ տարբեր ձևերով իրենց աշխատանքը կատարում են: Պարտադիր չէ, որ ամեն միջադեպից հետո ԱԳՆ-ն հանդես գա և ասի, որ հանդիպել է որևէ կառույցի, որևէ ղեկավարի հետ: Դրանք բաներ են, որոնք պետք է գաղտնի մնան, որովհետև բանակցային գործընթացներ են»: ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ի պատասխան նույն հարցի ասաց. «Նման խնդիր ոչ միայն ԱԳՆ-ն ունի, այլ նաև ԵԱՀԿ-ն, ԵԽ-ն և այլն: Այս հարցում նրանք սեփական շահերով են առաջնորդվում, ոչ թե մեր ժողովրդի: Եթե նրանք լինեին անկողմնակալ միջնորդներ, կոնֆլիկտը վաղուց կարգավորված կլիներ: Իմ կարծիքով Հայաստանը պետք է վաղուց Միջազգային դատարան դիմած լիներ՝ ԱԳՆ-ի միջոցով, որպեսզի Ալիևին ճանաչեին տեռորիստ և Ադրբեջանը ճանաչեին տեռորիստական երկիր: Իհարկե չէին ճանաչի, որովհետև այսօր աշխարհում չկա արդար դատարան, բայց պետք է դիմեին:

Մարինե Բարսեղյան