02-06-2014 10:25

Հայաստանի ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպանները այցելել են Արցախ

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, արտգործնախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմն ու Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները մայիսի 31-ին ժամանել են Ստեփանակերտ։ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը Հայաստանցի բարձրաստիճան դիվանագետներին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:

Արցախի ղեկավարը ներկայացրել է երկրի անվտանգության ամրապնդման, սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված քայլերը:
Հանդիպման մասնակիցները անդրադարձել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։ Քննարկվել են Հայաստանի եւ Արցախի արտգործնախարարությունների, արտերկրում Հայաստանի դեսպանությունների եւ ԼՂՀ մշտական ներկայացուցչությունների միջեւ փոխգործակցության հարցեր։

Արցախի Հանրապետության Նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերի։

Հանդիպումից առաջ Արցախի Նախագահ Բակո Սահակյանը առանձնազրույց է ունեցել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։