26-04-2014 14:28

Ադրբեջանում դժգոհում են, քանի որ Մինսկի խումբը ճնշում չի գործադրում Հայաստանի վրա

Ադրբեջանում կրկին դժգոհ են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից: Քննադատությամբ հանդես է եկել երկրի նախագահի աշխատակազմի հասարակական քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը:

՛՛Մինսկի խմբի համանախագահները լուրջ ճնշում չեն գործադրում Հայաստանի վրա՛՛, այս մասին նա հայտնել է ԱՊԱ-ին տված հարցազրույցում:
՛՛Հենց այդ պատճառով էլ Ադրբեջանի նախագահը գոհ չէ ինչպես բանակցությունների ընթացքից, այնպես էլ, ընդհանուր առմամբ, Մինսկի խմբի համանախագահների գործունեությունից: Կարծում ենք, որ եթե բանակցություններն առանց Հայաստանի վրա դույզն ինչ ճնշում գործադրելու շարունակվեն, ապա հետագայում էլ անարդյունք են մնալու՛՛,-հայտարարել է Հասանովը, անմիջապես հավելելով, որ ադրբեջանական կողմը ՛՛բանակցություններին այլընտրանք չի տեսնում՛՛:

՛՛Այլընտրանք կարող է պատերազմը լինել: Մենք գտնում ենք, որ հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունները դեռեւս չեն սպառվել»,-ասել է նա: Հասանովը նաեւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի ադրբեջանական տարբերակն է հնչեցրել, հայտարարելով, որ «Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի ինքնորոշման իրավունքը կարող է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում իրականացվել՛՛:

Այն մասին, թե քանի անգամ են բանակցությունները փակուղի մտել Ադրբեջանի մեղքով, Հասանովը նախընտրել է չխոսել: Նշենք, որ այս պաշտոնյան բազմիցս է հակահայկական հայտարարություններով հանդես եկել: