Բավ է պառակտվել
10-09-2015 18:00

Ադրբեջանը ՌԴ-ի համար իրավիճակային հաճախորդ է

ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը այսօր կայացած ասուլիսին անդրադառնալով վերջին շրջանում ռուսական մամուլում առկա տեսակետին, որ ՌԴ-ն Ադրբեջանի հետ քննարկել է ազատագրված շրջանների հանձնման հարցը, ասաց, որ դա անտրամաբանական տարբերակ է և հազիվ թե կապ ունենա իրականության հետ: 

«Եթե ՌԴ-ն մեծ շահեր ունենար հողերը հանձնելու պարագայում, մեր ռազմավարական դաշնակից լինելը դեր չէր խաղա, բայց այսօր ՌԴ-ն որևէ շահ չունի նման քայլի գնալու համար»:
Բանախոսի խոսքերով ՌԴ-ն կարող էր միջամտել հողերը հանձնելուն՝ Ադրբեջանի ԵՏՄ անդամ դառնալու պայմանով, սակայն դա չի լինի, բոլորը գիտեն, որ Ադրբեջանը չի ուզում անդամակցել այդ կառույցին:
Ինչ վերաբերվում է ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին, ապա այդ գործընթացը արդեն իսկ ընթացքի մեջ է :
«Հայաստանը Ռուսաստանի համար ստրատեգիական դաշնակից է, իսկ Ադրբեջանը իրավիճակային հաճախորդ: Այս իրավիճակը կարող է դեռ երկար շարունակվել:
Եթե խոսենք զենքի վաճառքի կամ հանձման մասին, ապա պետք է նշել, որ ի սկզբանե ՌԴ-ն չպետք է գնար այդ քայլին»:
Դիվանագետը նշեց նաև, որ Ադրբեջանի զենքի մեծ մասն այսօր ռուսական է և եթե պետությունը վաճառում է զենք, ապա կախման մեջ է դնում իր հաճախորդին:
«Կախվածության մեջ են ընկնում այն երկրից որից գնում են զենքերը: Քանի որ կա զենքի սպասարկման հարց, պահեստամասերի հարց»:
Ա. Նավասարդյանը նաև նշեց, որ «Ռոսկոսմոս»-ը ներկայումս համակարգ է մշակում՝ Հայաստանի օդային պաշտպանության համար:

Մարինե Բարսեղյան