01-10-2014 15:06

Ադրբեջանի` 3 խոշոր նախաձեռնություններ հաջողությամբ են պսակվել, ինչը ամրապնդում է այդ երկրի դիրքերը

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը ողջունում է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության փորձերը՝ դիմագրավելու այդ կառույցում Ադրբեջանի ջանքերով ընդունված նոր նախագծին: Այս մասին, այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ասաց նա ու հավելեց, որ հայկական կողմը ոչ թե պետք է սպասի, որ Ադրբեջանը նախաձեռնողականություն ցուցաբերի, այլ ինքը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի:Հիշեցնենք, որ ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության 3 պատգամավորներ ԼՂՀ հիմնախնդրի հարցով զեկույցների նախագծեր էին ներկայացրել ԵԽԽՎ Բյուրո: Բյուրոն միավորել էր այդ նախագծերը և արդեն իր անունից մեկ` բավական վտանգավոր զեկույցի նախագիծ կազմել՝ «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների ահագնացումը» վերնագրով: Թեպետ հայկական պատվիրակությունը ներկաներին հորդորել էր չընդունել զեկույցը, սակայն նախագիծն անցել էր 41 կողմ և 74 դեմ ձայներով:Հիշեցնենք նաև, որ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը փորձել էր վիժեցնել հակահայկական զեկույցը՝ նամակ հղելով ALDE խմբին, որի անդամ է ինքը, սակայն ապարդյուն: Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ նախագծի անցկացումը պայմանավորեց այն հանգամանքով, որ հայաստանյան ներկայացուցչության անդամները հաճախ իրենց տեղերում չեն լինում: «Բաց թողնված ժամանակը և հնարավորությունները պետք է լրացնել ակտիվ գործողություններով: Միջազգային բոլոր ատյաններունմ և մարմիններում պետք է խիստ մանրակրկիտ աշխատանքներ տանել: Այլապես հարց է ծագում, որո՞նք են Սփյուռքի և եվրոպական կառույցներում ՀՀ ներկայացուցիչների գործառույթները»,- ասաց նա` մտահոգություն հայտնելով, որ նախագիծը, կարծես, ասում է` ադրբեջանցիներն իրենց սեփական տարածքներում են, իսկ դրանք «օկուպացրած» հայերը բռնանում են «իրենց տարածքներում» հանգիստ զբոսնող ազերիների վրա:Իրավապաշտպանը հիշեցրեց, որ ԵԽԽՎ-ում վերջին 1 ամսվա ընթացքում Ադրբեջանի` առնվազն 3 խոշոր նախաձեռնություններ հաջողությամբ են պսակվել, ինչը միայն ամրապնդում է այդ երկրի դիրքերը:Անդրադառնալով հայ ռազմնագերի Կարեն Պետրոսյանի գործին՝ Լարիսա Ալավերդյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը հայկական կողմի հարցադրումներին պատասխաններ պետք է հնչեցներ դեռևս սեպտեմբերի 26-ին, սակայն այդ մասով որևէ նորություն դեռևս չկա: