31-05-2014 16:04

Ադրբեջանը Մեծ Բրիտանիային մեղադրում է իր երկրի ներքին գործերին միջամտելու համար

Ադրբեջանի արտգործնախարարությունը Մեծ Բրիտանիային մեղադրել է իր երկրի ներքին գործերին միջամտելու համար:
Մի քանի օր առաջ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը դատապարտել էր ընդդիմադիր ակտիվիստների դատավարությունը։

«Դա հանդիսանում է միջամտություն դատական համակարգի աշխատանքին, ինչն անընդունելի ճնշում է։ Այդ մարդիկ ազատազրկվել են հարկերից խուսափելու և այլ անօրինությունների համար։ Դատավճիռը որևէ կապ չունի այդ անձանց քաղաքական գործունեության հետ, և առհասարակ, Ադրբեջանում որևէ մեկը չի դատապարտվել քաղաքական հայացքների համար»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Այդ կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է անում օտարերկրյա աշխատողներին զերծ մնալ երկրի ներքին գործերին միջամտելուց և ուշադրություն դարձնել Բրիտանիայում մարդու իրավունքների վիճակին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում ընդդիմադիրների ազատազրկումը դատապարտել էր նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։
Մայիսի 27-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն Անար Մամեդլիին դատապարտել էր 5.5 տարվա, Բաշիր Սուլեյմանլըին՝ 3.5 տարվա ազատազրկման, իսկ Էլնուր Մամեդովին՝ նույնքան ժամկետով պայմանական ազատազրկման: