Բավ է պառակտվել
25-01-2014 11:10

Ադրբեջանի ԱԳՆ-ն ապատեղեկատվություն է տարածում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մանրամասների վերաբերյալ

 Հունվարի 24-ին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում կայացած բանակցությունների բովանդակությանը: Այս մասին  հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Տեղեկացնենք, որ ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ մամուլի համար արված հայտարարությանը, տեղեկություն է տարածել, որում ասվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ընթացքում տեղի են ունեցել ԼՂ խնդրի շուրջ իմաստալից, կոնկրետ ու ինտենսիվ քննարկումներ։ Ընդգծելով Ադրբեջանի դիրքորոշումը՝ Մամեդյարովն ասել է, որ «որքան շուտ Հայաստանի զինված ուժերը լքեն Ադրբեջանի գրավյալ տարածքները, այնքան արագ տեղի կունենա հակամարտության կարգավորումը՝ միջազգային իրավունքի շրջանակում»։

«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական կողմն ինքն իր հետ է բանակցել` ասելով է իր սրտի ուզածը, ինքն իր համար ինչ-որ լուծումներ առաջարկել և այդ ամենը փորձում է ներկայացնել որպես բանակցությունների բովանդակություն»,- գրել է Տիգրան Բալայանը, ապա շարունակել. «Դա տեղի ունեցած հանդիպման էության խեղաթյուրում է, ինչը ևս մեկ արտահայտություն է բանակցային գործընթացը գլխիվայր ներկայացնելու ադրբեջանական կողմի շարունակական գործելաոճի»։

Նշենք, որ վերոնշյալ հանդիպման ժամանակ նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունն է հրավիրել  Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում լարվածության շեշտակի մեծացման և հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների, Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչեցվող ռազմատենչ և Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող հայտարարությունների վրա, որոնք ակնհայտ սադրիչ բնույթ են կրում և լուրջ հարված են հասցնում բանակցային գործընթացին: