Բավ է պառակտվել
23-07-2014 16:28

Ադրբեջանի փոխվարչապետը Հայաստանին մեղադրում է գերիներին տանջելու մեջ

Ադրբեջանի փոխվարչապետ, Փախստականների եւ հարկադիր վերաբնակեցվածների պետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովը հերթական մեղադրանքներն է հնչեցրել հայկական կողմի հասցեին: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Տեղեկություն կա, որ Քելբաջարում հայ զինվորականների կողմից պատանդառվածներից մեկը սպանվել է: Գերիների մասին տարատեսակ լուրեր են տարածվում: Նրանց կա՛մ կոչում են դիվերսանտներ, կա՛մ անմիտ հարցանքներ են վերագրում: Դիլհամն եւ Շահբազը բազմաթիվ անգամներ են եղել այդ հողերում, այցելել են իրենց հարազատների ու ծնողների գերեզմանին: Նրանք վերադառնում էին հարազատ վայրեր, հայրենիք»,- նշել է Հասանովը:

«Քելբաջարում պատանդառված ադրբեջանցիներն իսկական հայրենասեր են, հերոսներ: Նրանց անհնար է դատապարտել: Մենք երիտասարդությանը պատրաստում ենք մեր հողերի ազատագրմանը: Այդ մարդիկ օրինակ են երիտասարդության համար: Նրանք մի քանի անգամ եղել են Քելբաջարում: Եթե ցանկանային, ապա ինչ-որ բան կանեին նաեւ նախկինում»: Ըստ պաշտոնյայի՝ 17-ամյա պատանու սպանության մեղքը «գցում են» ադրբեջանցիների վրա:

Ավելի վաղ Հասանովը հայտարարել էր, որ «գոյություն ունեն գերիների եւ քաղաքացիական անձանց հետ վարվելու կանոններ, որոնք ամրագրված են Ժնեւի կոնվենցիայում». «Միջադեպից հետո մի քանի օր է անցել: Ինչո՞ւ հայկական կողմը թույլ չի տալիս ԿԽՄԿ-ին հանդիպել ադրբեջանցի գերիների հետ: Որովհետեւ նրանց տանջում են: Մենք գիտենք այդ մասին»:

Նշենք, որ խոսքը Քարվաճառում վնասազերծված ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի մասին է. մեկը սպանվել է, երկուսը՝ ձերբակալվել:

Ավելի վաղ Հասանովը սուր քննադատության էր ենթարկել ԿԽՄԿ-ին: Նա, մասնավորապես, հայտարարել էր, որ «եթե կարճ ժամկետներում գերիների հետ հանդիպում չկայանա, ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության հանդեպ լուրջ միջոցներ կձեռնարկվեն՝ ընդհուպ մինչեւ երկրից արտաքսումը»:

Ալի Հասանովը հայտնի է իր հակահայկական հայտարարություններով: Ավելի վաղ ադրբեջանցի պաշտոնյան կոչ էր արել «չմոռանալ հայերի հետ հարեւանության արդյունքում վնասի, հարձակումների, մեր ազգի դեմ սպառնալիքի մասին եւ պայքարել նրանց դեմ»: