02-10-2014 14:31

Ադրբեջանական լոբբիստը նշանակվեց ԼՂ զեկուցող. ադրբեջանական ամոթ

Հոկտեմբերի 1-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեն, որը քննարկեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցի պատրաստման հարցը, այդ խնդրով զեկուցող նշանակեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերին, ով հայտնի է ԵԽԽՎ-ում որպես ադրբեջանական խայտառակությունների պարտակող։
Բրիտանացի և իսպանացի պատգամավորները ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամներ Սուլեյմանովի և Սեյիդովի հետ ուս-ուսի տված, փրփուրները բերաններին պաշտպանում էին ԼՂ վերաբերյալ պրովոկացիոն վերնագրով՝ «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ», զեկույցի ընդունման նախաձեռնությունը։
Կասկածելի «ոսկերչական» ճշգրտությամբ Ռ. Ուոլթերը 35 կողմ, 32 դեմ և 3 անվավեր ձայներով դարձավ զեկուցող։ Բրիտանացի այս պահպանողական պատգամավորը ԵԽԽՎ-ում ադրբեջանական իշխանությունների կարկառուն պաշտպաններից է։
Հիշենք, որ 2013թ-ին տեղի ունեցած ադրբեջանական նախագահական ընտրություններում ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավարն էր հենց Ուոլթերը։ ԵԽԽՎ «դիտորդները» խանի վերընտրությունը գնահատեցին «ազատ, անկախ և թափանցիկ», ի տարբերություն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, որն այն որակել էր մեղմ ասած ոչ ժողովրդավարական։
Հայտնի խավիարակերների Բաքու կատարած այցելություններին անդրադառնալով՝ The Guardian-ը գրում է, որ Բաքու կատարած գործուղումների ժամանակ Եվրոպայի խորհրդի անդամներին ընդունել են արքայաբար։ Ինչպես հայտնել է Guardian-ի աղբյուրը, «սրանք իսկական արձակուրդներ են, որի ժամանակ ստանում են բազմաթիվ նվերներ։ Նվերները հիմնականում թանկ մետաքսի գորգեր են, ոսկե, արծաթե իրեր, խմիչքներ, խավիար և գումարներ։ Բաքվում ընդունված նվեր է 2 կգ խավիարը»։
«Եվրոպական կայունության նախաձեռնության» կողմից հրապարակված «Խավիարային դիվանագիտություն. ինչպես է Ադրբեջանը լռեցնում Եվրոպայի խորհրդին» հայտնի զեկույցում նշված է, որ Ռ. Ուոլթերը «Ադրբեջանի պահպանողական բարեկամներ» խմբի անդամ է և ակտիվորեն պրոպագանդում է Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի միջև առևտրային կապերը։
Ուոլթերը ԵԽԽՎ-ում հիշարժան է նաև Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ զեկույցի տապալման գործում։
Բրիտանացի մյուս խավիարակերը՝ Մայքլ Հանքոկը, հայտնի է նաև իր անբարո վարքով և մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ։ Այդ վարքի համար լիբերալ-դեմոկրատների կուսակցությունը առկախել էր վերջինիս կուսակցական անդամակցությունը, իսկ անցյալ սեպտեմբերին նա դուրս եկավ լիբերալ-դեմոկրատների շարքերից։
Ադրբեջանում մարդու իրավունքների խայտառակ իրավիճակի վրա աչք փակող և «խավիարակերներով» լի այս կառույցից արդեն կարելի է ակնկալել ոչ այլ ինչ, քան «պատվերով համերգ»։