14-03-2014 17:56

Սերժ Սարգսյանը ՀՀ առողջապահության նախարարությունում է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Առողջապահության նախարարություն: Հանրապետության Նախագահը շրջել է աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, այդ թվում՝ դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերով և տեխնոլոգիաներով ապահովման բաժնում, մոր և մանկան առողջության պահպանման վարչությունում, արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնում: Սերժ Սարգսյանը ծանոթացել է աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց գործառույթների, իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների մասին, հետաքրքրվել դեղերի ներմուծման գործընթացն ավելի թափանցիկ և դյուրին կազմակերպելու նպատակով պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ ներդրված «մեկ պատուհան» համակարգի արդյունքներով։ Շրջայցն ավարտելուց հետո, Հանրապետության Նախագահը խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ:Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

Առողջապահության նախարարը, նախարարի տեղակալները և աշխատակազմի ղեկավարը զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ նախատեսված միջոցառումների և առաջիկա ծրագրերի մասին.

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ներկայացրել է նախարարության 2012-2014 թվականների գործունեության հիմնական արդյունքները։ Նախարարն առողջապահության համակարգում իրականացվող բարեփոխումների, ձեռքբերումների մասին խոսելուց բացի, անդրադարձել է նաև առկա խնդիրներին, դրանց լուծմանը միտված միջոցառումներին՝ այդ համատեքստում կարևորելով բժշկական օգնության որակի, մատչելիության ապահովման և կոռուպցիոն ռիսկերի վերահսկման ուղղությամբ աշխատանքները: Իր զեկույցում Դերենիկ Դումանյանը ներկայացրել է նաև դեղերի շրջանառության ոլորտում պետական կառավարման արդյունավետության բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքները:

Նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի զեկույցը վերաբերել է մոր և մանկան առողջության պահպանման խնդիրներին, այդ ոլորտում արձանագրված ցուցանիշներին և նախատեսված հետագա ծրագրերին:

Նախարարի տեղակալներից Տիգրան Սահակյանը ներկայացրել է կադրային քաղաքականության և առողջապահության համակարգում լիցենզավորման ոլորտի խնդիրները, անդրադարձել կադրերի անհամաչափ բաշխման և ոլորտում առկա այլ խնդիրներին, դրանց լուծման հնարավորություններին։

Նախարարի մեկ այլ տեղակալի՝ Արման Բաբլոյանի զեկույցը ներառել է մարզային առողջապահական համակարգի համաչափ զարգացման հիմնախնդիրները, միջազգային համագործակցության շրջանակներում դրանց հաղթահարմանն ուղղված ծրագրերն ու առաջիկա անելիքները։

Նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը ներկայացնելով նախարարության աշխատակազմի կառուցվածքը և կադրերով համալրվածության աստիճանը՝ զեկուցել է մարդկային ռեսուրսների և ընթացիկ ղեկավարման հետ կապված աշխատանքների ու աշխատակազմի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին:

Զեկույցներում արծարծված առանձին խնդիրների վերաբերյալ Նախագահը հարցեր է ուղղել զեկուցողներին, իր դիտողություններն ու դիտարկումները ներկայացրել և համապատասխան հանձնարարականներ տվել պատասխանատուներին:

Նախագահը կարևորել է բժշկական անձնակազմի շարունակական վերապատրաստումների, մասնագետների որակավորման բարձրացման ուղղությամբ հետևողական աշխատանքը՝ նկատի առնելով այդ ոլորտում աշխարհում արձանագրվող ժամանակակից մոտեցումները, ձեռքբերումներն ու առաջընթացը:

Անդրադառնալով առողջապահության նախարարությունում, ըստ աշխատակազմի ղեկավարի զեկույցի, զգալի թվով թափուր հաստիքների առկայության խնդրին, Հանրապետության Նախագահը անհասկանալի և անընդունելի է համարել այդ հաստիքները հնարավորին արագ չհամալրելու, աշխատանք փնտրող որակյալ մասնագետներին թափուր տեղերի մասին լայնորեն և պատշաճ կարգով չիրազեկելու նախարարության պատասխանատուների աշխատանքը: «Առողջապահության նախարարությունը, կարծում եմ, յուրահատկություն ունի, որովհետև բժիշկներն առաջին հերթին մշտապես ձգտում են աշխատել իրենց մասնագիտությամբ, ձգտում են պրակտիկ բժշկությամբ զբաղվել, քան՝ աշխատանք փնտրել այլ կառույցներում: Միշտ պետք է գտնել այն մարդկանց, ովքեր ունեն գիտելիք և պատրաստ են ծառայելու իրենց մասնագիտությամբ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Իր խոսքում Սերժ Սարգսյանն անդրադարձել է հաշվետու ժամանակահատվածում նախարարության իրականացրած աշխատանքներին, առաջիկա խնդիրներին, պետական այդ մարմնի կողմից ոլորտում իրականացվող քաղաքականությանն ու գործունեության գերակա ուղղություններին: «Ես բոլորիդ հաջողություն եմ մաղթում ձեր դժվարին, պատասխանատու և շնորհակալ գործում և ցանկանում եմ, որպեսզի այդ պատվաբեր գործով զբաղվեն այն մարդիկ, ովքեր դրա ցանկությունն ունեն, որովհետև միայն գիտելիք ունենալը բավարար չէ՝ դա անհրաժեշտ պայման է: Նաև պետք է ցանկություն ունենալ աշխատանքդ լավ կատարելու, պետք է ցանկություն ունենալ ծառայելու այն գործին, որի համար ընտրել ես այդ աշխատանքը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը, հաջողություններ մաղթել և հույս հայտնել, որ ամեն անգամ գործունեության արդյունքներն ամփոփելիս, անդրադարձ կլինի նոր ձեռքբերումների, աշխատանքում արձանագրված դրական նոր արդյունքների և հորդորել է չվախենալ նշել նաև այն խնդիրները կամ վերհանել այն հարցերում հետընթացը, որտեղ պետք է կենտրոնացնել ջանքերը՝ հետագայում հաջողության հասնելու համար:

Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են առողջապահության համակարգի աշխատակիցների սոցիալական խնդիրներին, մարզային առողջապահական համակարգի համաչափ զարգացման ուղղությամբ շարունակական աշխատանքին, մեր երկրի արտաքին քաղաքականությանը և մի շարք այլ թեմաների: Մասնավորապես պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Շվեյցարիայի կառավարության որոշումը բողոքարկելու, այսպես կոչված, «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2013 թվականի դեկտեմբերի 17-ի վճիռը, Սերժ Սարգսյանն ընդգծել է. «Շատ լավ եմ գնահատում: Ոգևորիչ է: Եվ մենք բոլորս պետք է մեր դրական վերաբերմունքը հայտնենք Շվեյցարիայի կառավարության կողմից կայացված որոշմանը: Բոլորը գիտեն, որ Շվեյցարիան մշտապես եղել է միջազգային ասպարեզում մարդու իրավունքների ակտիվ պաշտպաններից մեկը, ռասայական խտրական վերաբերմունքի դեմ պայքարում ամենաակտիվ կառավարություններից մեկը, այլատյացություն սերմանող կառույցների, մարդկանց, ընդհանրապես երևույթի դեմ պայքարող ամենաակտիվ կառավարություններից մեկը, և մենք ակնկալում էինք, որ այս հարցում էլ Շվեյցարիան դրական ու ճիշտ որոշում կկայացնի, ինչի ականատեսը մենք եղանք: Այդ որոշումն ակնկալվող, սպասվող որոշում էր: Իհարկե, այդ որոշման կայացման գործում ահռելի է Շվեյցարիայի իշխանությունների դերը: Շվեյցարիայի կառավարությունն ինքն է որոշում կայացրել, բայց այստեղ մենք պետք է գնահատենք միջազգային կառույցների, տարբեր մարդկանց ներդրումը կամ նրանց վերաբերմունքը եվրոպական դատարանի որոշմանը, նրանց դիմումը Շվեյցարիայի կառավարությանը, Ցեղասպանագետների միջազգային միության, տարբեր անհատների, տարբեր կառույցների կողմից ծավալված գործունեությունը:

Շվեյցարիայի կառավարության կողմից ընդունված որոշումը մի մեծ գործընթացի սկիզբն է միայն, որովհետև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեռևս պետք է որոշում կայացնի գործն իր վարույթ ընդունելու մասով, այնուհետև քննի ըստ էության: Բայց մենք վստահ ենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այնպիսի որոշում կընդունի, որը վիրավորական չի լինի ցեղասպանություն վերապրած ժողովուրդների համար և չի անարգի այն միլիոնավոր մարդկանց հիշատակը, որոնք ուղղակի անմեղ զոհ են դարձել: Բայց ցանկացած գործունեություն եռանդի, պայքարի կարիք ունի, և վստահ եմ, որ Շվեյցարիայի կառավարությունը հետամուտ է լինելու իր իսկ որոշմանը: Հասկանալի է, թե այդ հարցը մեզ ինչու է հետաքրքրում: Մյուս կողմից էլ խնդիրը կապված է նրա հետ, որ եվրոպական դատարանը, ընդունելով այդպիսի որոշում, ինչ-որ տեղ թերություն է գտնում Շվեյցարիայի արդարադատություն իրականացնող ոլորտում: Բայց բոլորիս հայտնի է, որ այդ երկիրը մեծ ճանապարհ անցած, բարձր արժեքներ դավանող երկիր է, ուստի շվեյցարացիները նաև իրենք պետք է ապացուցեն իրենց դատական համակարգի, ընդհանրապես իրենց ողջ պետական համակարգի ամբողջականությունը»:

Խորհրդակցության ավարտին Առողջապահության նախարարության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի. մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանը, անձնակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետ Ռոզա Երիցյանը, բժշկական օգնության քաղաքականության վարչության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Թամարա Ղուկասյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով: