27-06-2014 12:48

Չինացի հանցագործը արգելափակվել է վերելակի հորում. լուսանկարներ

Զավեշտալի դեպք է տեղի ունեցել Չինաստանի հարավ-արևմտյան հատվածում: Գեր գողը ստիպված է եղել ձեռնունայն դուրս գալ զոհի շենքից, քանի որ 8 ժամ շարունակ գիրության պատճառով արգելափակված է մնացել վերելակի հորում։

35-ամյա Յի Ֆուն, ով կշռում է 120 կգ, փորձել է թալանել Չենգդու քաղաքի բնակարաններից մեկը, սակայն նրան խանգարել են հարևանները, ովքեր դանակներով ու ցախավելներով հարձակվել են տղամարդու վրա։
Ֆուն որոշել է ճողոպրել իրեն հետապնդողներից՝ մտնելով չաշխատող վերելակի հորը, սակայն արգելափակվել է հորի մեջ՝ այլևս չկարողանալով շարժվել:
Հարևանները, կարծելով, թե գողը փախել է, վերադարձել են իրենց տները, չիմանալով, որ տղամարդը խրվել-մնացել է նեղ անցքի մեջ։

Ամբողջ գիշեր՝ 8 ժամ շարունակ, Ֆուն օգնություն է կանչել, սակայն ոչ ոք չի լսել նրա ձայնը։ Միայն լուսադեմին մի մարդ աշխատանքի գնալիս լսել է օգնության կանչն ու ոստիկանություն զանգահարել։ Փրկարարներից 1 ժամից ավելի է պահանջվել գողին ազատելու համար, իսկ ոստիկանության խոսնակը կատակել է, որ, եթե Ֆուն ցանկանում է առաջվա պես շարունակել իր հանցավոր գործունեությունը, ապա պետք է շտապ նիհարի։