Բավ է պառակտվել
21-07-2014 14:45

Վարակներից խուսափելու համար հարկավոր է մրգերը և բանջարեղենը լավ լվանալ. մասնագետ

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Լիանա Թորոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանըն հայտնեց, որ համաճարակային վիճակը հանրապետությունում համեմատաբար հանգիստ է, թեև էնտերովիրուսային վարակների որոշակի ակտիվություն է նկատվում, սակայն ամեն ինչ գտնվում է նախարարության վերահսկողության տակ և ահազանգերի կարիք չկա:

«Աղիքային վարակիչ հիվանդությունները իրենց բնորոշ սեզոնայնությունն ունեն, որոնք իրենց պիկին են հասնում հատկապես ամռանը»,- ասաց նա և նշեց, որ ամռանը վարակի տարածման համար կան բոլոր բարենպաստ պայմանները: Այսպիսով՝ տարածման աղբյուր կարող է հանդիսանալ ջուրը, ոչ լվացած բանջարեղենը, պատահական վայրերից գնված կաթնամթերքը:

Վարակներից խուսափելու համար Լիանա Թորոսյանը խորհուրդ տվեց առաջին հերթին լավագույնս պահպանել անձնական հիգիենան:

՛՛Բանջարեղենը ուտելուց առաջ հոսող ջրի տակ մանրակրկիտ լվանալ, խուսափել արագ պատրաստվող սննդից՛՛:
Բանախոսը փաստեց, որ խստիվ արգելվում է պատահական վայրերից սունկ հավաքել, այն կարելի է գնել միայն խանութներից, որոնք ենթարկված են ստուգման:
Լիանա Թորոսյանը կոչ արեց այս սեզոնին շատ հեղուկ օգտագործել, սակայն չխմել սառույցով ջուր, քանի որ այն ծարավը չի հագեցնում, փոխարենը կարելի է խմել գոլ ջուր կամ թեյ, ու հատկապես օգտակար է թանը: