Բավ է պառակտվել
06-08-2015 12:28

Հայաստանում կատարվել է ուսահոդի եզակի էնդոպրոթեզավորում (լուսանկարներ)

«Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայում կատարվել է ուսահոդի էնդոպրոթեզավորում` բազուկոսկրի գլխիկի կոտրվածքից հետո։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունից, Հայաստանում իրականացվող նման եզակի վիրահատության է ենթարկվել արդեն 2 հիվանդ։ 78-ամյա կնոջ` Է. Ա.-ի մոտ կատարվել է ուսահոդի միաբևեռ էնդոպրոթեզավորում` բազուկոսկրի բազմաբեկոր, փակ կոտրվածքից հետո:

Նա կլինիկա է դիմել գանգատվելով ձախ ուսահոդի սաստիկ ցավերից և շարժումների խիստ սահմանափակումից: Կինը վնասվածքը ստացել էր վայր ընկնելու հետևանքով: Գործիքային և լաբորատոր հետազոտություններից հետո դրվել է ախտորոշում` ձախ բազուկոսկրի պրոքսիմալ (վերին/3-ականի) բազմաբեկոր, ներհոդային, ներհրված, փակ կոտրվածք՝ տեղաշարժով: Ըստ մասնագետների` նմանատիպ կոտրվածքների հիմնական խնդիրն այն է, որ կոտրվածքից հետո իսպառ վերանում է բազուկոսկրի գլխիկի արյան մատակարարումը, ինչի հետևանքով ոսկրային նյութը վերածվում է ախտաբանական փափուկ հյուսվածքի` կորցնելով հենարանային ֆունկցիան: Արդյունքում ուսահոդում առաջանում է շարժումների խիստ սահմանափակում: Նախկինում նման կոտրվածքների դեպքում կատարվում էր կամ բազուկոսկրի գլխիկի հեռացում կամ այդ հիվանդներն ընդհանրապես չէին վիրահատվում։ ԵՊԲՀ վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Չարչյանի մասնակցությամբ կազմակերպված կոնսիլիումի արդյունքում որոշվել է, որ համալսարանական կլինիկայի թե՛ մասնագիտական, թե՛ գործիքային հագեցվածությունը հնարավորություն է տալիս կատարելու անհրաժեշտ վիրահատությունը, ինչի շնորհիվ հիվանդը կխուսափի վերին վերջույթի ֆունկցիայի կայուն խանգարումից: Մայիսի 7-ին Հայաստանում իրականացվել է ուսահոդի միաբևեռ էնդոպրոթեզավորում։ Վիրահատություն, որ նախկինում անհասանելի էր մեր հիվանդների համար:

Ընդհանուր անզգայացման տակ իրականացված վիրահատությունը տևել է 1 ժամ 20 րոպե: Թե՛ վիրահատությունը, թե՛ հետվիրահատական շրջանն անցել են առանց բարդությունների, հարթ: Հիվանդը դեռևս գտնվում է կլինիկայի ամբուլատոր հսկողության ներքո: Նա արդեն կարողանում է երկու ձեռքի օգնությամբ ինքնուրույն լվանալ երեսը և հարդարել մազերը: Թեև դեռ ցավեր ունի, բայց դրանք օրեցօր նվազում են, ավելանում են շ արժումների ծավալները: Նույն վիրահատության ենթարկված երկրորդ հիվանդը 32 տարեկան է, արական սեռի ներկայացուցիչ Մ.Մ.-ն: Էպիլեպսիկ նոպայի ժամանակ նրա ձախ ուսահոդում առաջացել է հոդախախտ: Հիվանդը նախ դիմել է ավանդական բժշկության օգնությանը։ Հոդախախտն ուղղելու անհաջող փորձի ժամանակ հիվանդը վնասվածք է ստացել` առաջացնել է բազուկոսկրի անատոմիական վզիկի կոտրվածք:  «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայում գործիքային և լաբորատոր հետազոտություններից հետո դրվել է ախտորոշում` ձախ բազուկոսկրի անատոմիական վզիկի կոտրվածք` հետին հոդախախտով: Հաշվի առնելով հիվանդի երիտասարդ տարիքը՝ որոշվել է կատարել նվազագույն միջամտություն։ Իրականացվել է հոդախախտի բաց ուղղում և ոսկրաբեկորների ֆիքսում՝ պտուտակներով և ամրալարով: ԵՊԲՀ վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարչ, պրոֆեսր Արմեն Չարչյանի մասնակցությամբ կազմակերպված համայցի ժամանակ կայացվել է որոշում՝ իրականացնել ձախ բազուկոսկրի միաբևեռ էնդոպրոթեզավորում: Վիրահատության ընթացքում հեռացվել են մետաղական բոլոր կոնստրուկցիաները և մեռուկացված գլխիկի մասնիկները: Էնդոպրոթեզավորումն իրականացվել է ցեմենտային եղանակով: Վիրահատությունը և հետվիրահատական շրջանն անցել են առանց բարդությունների: Վիրահատությունից անցել է մեկ ամիս, հիվանդը ինքնուրույն կատարում է վերին վերջույթի մինչև 50 աստիճան տարածում, երկու ձեռքի կիրառությամբ ինքնուրույն լվանում է երեսը և հարդարում մազերը: Վիրահատությունները կատարել են վիրաբույժ, ԵՊԲՀ վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի դասախոս, «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի բժիշկ-վնասվածքաբան Արտակ Օհանյանը, ասիստենտներ՝ կլինիկայի ղեկավար Արմեն Բդոյանը և կլինիկայի բ ժիշկ-վնասվածքաբան Արսեն Ազիզբեկյանը: