Բավ է պառակտվել
27-05-2015 15:36

Արհեստական բեղմնավորումը հայաստանում անվճար կլինի

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուին ներկայացվող պահանջները: Ակնկալվում է, որ որոշման ընդունումը կնպաստի ծնելիության աճին: Նախագծում ներառված տվյալների համաձայն, վերջին տասնամյակում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է ծնելիության կրկնակի և բնական աճի քառակի նվազում, 2010թ եղել է 44737 ծնունդ, 2011թ.՝ 43297, 2012թ.՝ 42832, 2013թ.՝ 41904: Ուստի ծնելիության բարձրացման խնդիրը Հայաստանի Հանրապետության համար ունի ռազմավարական նշանակություն: 2011թ. Հայաստանի Հանրապետությունում իրականացված ընտրանքային հետազոտության տվյալների համաձայն, 18-45 տարեկան կանանց շրջանում անպտղության ցուցանիշը կազմում է մոտ 16.8%, իսկ տղամարդկանց մոտ՝ 5.2%: Ըստ իրականացված հաշվարկների զույգերի համար անպտղության միջին ցուցանիշը ընդունվում է 16,8%: Միաժամանակ, անպտղության բուժումը վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ ծախսատար է և ունի շատ բարձր արժեք, ինչը այդ ծառայություններից օգտվելը անմատչելի է դարձնում անապահովության գնահատման համակարգում ընդգրկված բնակչության խմբերի համար: Ըստ հաստատված նախագծի, պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն անապահովության գնահատման համակարգում ընդգրկված 30.00 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառու կանայք և նրանց ամուսինները: Պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն անապահովության գնահատման համակարգում ընդգրկված 10.00-ից մինչև 30.00 անապահովության միավոր ունեցող նպաստառու կանայք և նրանց ամուսինները:

Շահառուները պետք է միաժամանակ բավարարեն հետևյալ հիմնական պահանջներին.
Ամուսինները կամ ամուսիններից մեկը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ամուսնությունը գրանցված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
1) առկա է ամուսինների գրավոր համաձայնությունը,
2) ամուսինները կամ նրանցից մեկը երկու և ավելի տարի տառապում են անպտղությամբ և առկա են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման բժշկական ցուցումներ` տրված վերարտադրողաբանական (ռեպրոդուկտոլոգիական) բժշկական օգնության և սպասարկման տեսակի իրականացման լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության կողմից:
3) ամուսիններից` կինը պատկանում է 20-40 տարիքային խմբին: