Բավ է պառակտվել
24-10-2017 11:29

ՀՀ-ում առաջին անգամ կկատարվի պորտալարային արյան փոխպատվաստման վիրահատություն

Հայաստանում առաջին անգամ կկատարվի նորածնի պորտալարային արյան փոխպատվաստում, այս մասին իր Facebook-յան էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը:
« Քույրը ծնվել է, որ փրկի եղբոր կյանքը: Հայաստանում նորածին աղջիկը դոնոր է դառնում սակավարյունությամբ տառապող իր եղբոր համար: Մեր երկրում առաջին անգամ փոխպատվաստում է արվելու՝ նորածնի պորտալարի արյունով»,-գրել է Մուրադյանը:
Արինա անունով աղջնակը Արսեն Կարապետյանի և Ռուզան Ավետիսյանի ընտանիքի երկրորդ զավակն է: Փոքրիկի ծնունդը իր ավագ եղբոր՝ երկու տարեկան Հայկի կյանքի փրկության միակ հույսն է:
Բժիշկների խոսքերով նորածնի եղբոր մոտ սակավարյունություն է սկսվել տոքսիկ հեպատիտից հետո, որի պատճառը հայտնի չէ:
ՀՀ-ում մայրական և պորտալարային արյան առաջին փոխպատվաստումը կիրականացվի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում: Կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի խոսքերով, կենտրոնում կա պորտալարային արյունը հավաքելու, մշակելու և պահպանելու աննախադեպ հնարավորություն:
Պորտալարային արյունը պարունակում է արյունաստեղծ ցողունային բջիջներ, որոնք կիրառվում են փոխպատվաստման նպատակով այն դեպքերում, երբ հիվանդի սեփական արյան արտադրությունը խախտված է: