Բավ է պառակտվել
12-01-2016 08:56

Հայաստանում խոզի գրիպի 170 դեպք է հաստատվել. ՀՀ ԱՆ

Հայաստանում այս պահին հաստատվել է H1N1 («խոզի գրիպ») վիրուսի ենթատեսակի հիվանդացության 170 դեպք, մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը։ Ըստ նրա, այդ դեպքերից H1N1 վիրուսի ենթատեսակով միայն չորս հիվանդներ տվյալ պահին ծայրահեղ ծանր վիճակում են։ «Հիվանդները հոսպիտալացվել են և վերակենդանացման բաժանմունքում են»,– ավելացրեց նա։ Նա ավելացրեց նաև, որ խոզի գրիպից այս պահին Հայաստանում մահացել է վեց մարդ։ Փոխնախարարը միաժամանակ ընդգծեց, որ Հայաստանում H1N1 համաճարակ չկա, իսկ հիվանդացության դեպքերը պայմանավորված են սեզոնայնությամբ։ «Ցուցանիշները մշտապես փոխվում են։ Նախորդ տարի դեպքերն ավելի քիչ էին, իսկ 2014 թվականին` ավելի շատ։ Այսպիսով, թվերն անընդհատ փոխվում են, և համաճարակի մասին խոսել չարժե»,– նշեց նա։ Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, ներկայում հանրապետության բուժկենտրոններում ստացիոնար բուժում է ստանում ՍՇՎ ախտանիշներով 855 մարդ, այդ թվում` 101 հղի կին և 672 երեխա։ Վերակենդանացման բաժանմունքում է 77 մարդ, որոնցից 11–ը` ծանր վիճակում։ «Նշված 855–ից 331 դեպքերում հիվանդներին, այդ թվում` 37 հղիների և 150 երեխայի ախտորոշվել է տարբեր աստիճանի թոքաբորբ»,– ավելացրեց նա։ Պողոսյանն ավելացրեց, որ 2015 թվականի դեկտեմբերի 30–ից գործում է առողջապահության նախարարի հրահանգով ստեղծված արագ արձագանքման աշխատանքային խումբ, որը տոնական օրերին վերահսկել է երկրում տիրող իրավիճակը։ «Եվս մեկ անգամ կրկնեմ, որ Հայաստանում համաճարակ չկա, իրավիճակը վերահսկվում է, խուճապի պատճառներ չկան»,– ավելացրեց նա։ Նա տեղեկացրեց նաև, որ «խոզի գրիպի» դեմ «տամիֆլյու» դեղամիջոցը հանրապետության հիվանդանոցներում անվճար է տրամադրվում հիվանդներին։  Փոխնախարարը կոչ արեց Հայաստանի բոլոր քաղաքացիներին ՍՇՎ ախտանիշների դրսևորման դեպքում միանգամից դիմել բժշկական կենտրոններ և ինքնաբուժությամբ չզբաղվել։