Բավ է պառակտվել
12-01-2016 10:56

Արցախում H1N1 գրիպի առկայություն է գրանցվել

Արցախում սեզոնային գրիպի A տիպի H1N1 ենթատեսակի առկայությունը պարզելու նպատակով ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի վիրուսաբանական լաբորատորիա հետազոտման ուղարկված, հոսպիտալացված 10 հիվանդներից վերցված փորձանմուշներից 3-ի արդյունքները դրական են եղել, այսինքն հաստատվել է հիվանդության առկայությունը։Այդ մասին տեղեկացրել է ԼՂՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ, համաճարակաբան Կարինե Բալայանը՝ հավելելով, որ սեզոնային գրիպի A տիպի H1N1 ենթատեսակի առկայությունը հաստատվել է 3 երեխայի մոտ, ովքեր երկու օր առաջ արդեն առողջացած դուրս են գրվել «Արևիկ» մանկական բուժմիավորումից։Կ. Բալայանի խոսքով, բուժկանխարգելիչ հիմնարկներն ապահովված են անհրաժեշտ քանակի դեղամիջոցներով, միանգամյա օգտագործման դեղորայքով, ձեռնոցներով, դիմակներով, ախտահանիչ նյութերով և լուծույթներով: Բացի այդ, համապատասխան բուժաշխատողներն այս շաբաթվանից սկսել են բակային շրջայցեր իրականացնել՝ վերին շնչուղիների սուր վարակների ծանր դեպքերը ժամանակին բացահայտելու և համապատասխան բուժում նշանակելու նպատակով։ Հաշվի առնելով գրիպի և սուր շնչառական վարակների փոխանցման օդակաթիլային մեխանիզմը ԼՂՀ ԱՆ համաճարակաբանը նշեց, որ հիվանդության ախտանշաններն են գլխացավ, մկանացավ, ջերմություն՝ մինչև 38°, հազ, թուլություն, հարբուխ կամ քթի խցանում, հեղձուկ, երբեմն քթից արյունահոսություն: Կարինե Բալայանը խորհուրդ է տալիս սուր շնչառական վարակներից և դրանց հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով գրիպանման երևույթների արձանագրման դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության և ոչ մի դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել: