Բավ է պառակտվել
01-12-2015 14:54

2014-ին ՁԻԱՀ-ից մահացել է 1,2 մլն մարդ. փոխնախարար

Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը այսօր այդ առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ 2014 թվականի դրությամբ աշխարհում կար 36,9 մլն ՄԻԱՎ-ով ապրող մարդ, նրանց գերակշիռ մասը՝ 25,8 մլն-ը, բնակվում է Սահարայից հարավ ընկած Աֆրիկայում, իսկ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որի մեջ մտնում են նաև Հայաստանը և նախկին Խորհրդային Միության հանրապետությունները, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը հասել է 1,5 մլն-ի: 
«2014 թվականի ընթացքում ՁԻԱՀ-ից մահացել է 1,2 մլն մարդ, որոնցից 62 հազարը՝ մեր տարածաշրջանում»,- հայտարարեց Վահան Պողոսյանը՝ հավելելով. «Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել 1988 թվականից»: 
Փոխնախարարի խոսքով՝ 1988 թվականից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 1-ը ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 2214 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 334-ը՝ 2014 թվականի ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ: 2015 թվականի 11 ամիսների ընթացքում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 261 դեպք:
«Մեր երկրում ոչ միայն ՄԻԱՎ վարակի կանխարգելման մեծ փորձ է կուտակվել, այլ նաև հաջողություններ են արձանագրվել բուժման ոլորտում: Կարևոր ձեռքբերում է հակառետրովիրուսային բուժման հասանելիությունը, ինչի շնորհիվ բուժման ցուցում ունեցող բոլոր հիվանդներին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում տրամադրվում է անվճար բուժում»,- հայտարարեց փոխնախարարը: 
Նրա ներկայացրած տվյալների համաձայն՝ 2001 թվականից ի վեր Հայաստանում չի արձանագրվել դոնորական արյան միջոցով ՄԻԱՎ-ով վարակման որևէ դեպք: Շնորհիվ մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելիչ բուժման՝ 2007 թվականից ի վեր ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնված երեխաների շրջանում հիվանդության որևէ դեպք չի արձանագրվել: