07-01-2018 12:52

Չինաստանի գիտնականները հաստատել են քաղցկեղի դեմ պայքարի ավանդական բաղադրատոմսը

Բույսերի ֆիզիոլոգիայի և էկոլոգիայի ինստիտուտի (Շանհայ) հետազոտողները հաստատել են հարյուրավոր տարիներ կիրառված ավանդական չինական բժշկության`ռազմական կորդիցեպս-սնկի (Cordyceps militaris) վրա հիմնված բաղադրատոմսի օգտակար հատկությունները:

Երկուշաբթի օրը «China Daily» պարբերականը հայտնել է, որ դրանում առկա ակտիվ էլեմենտները կարող են օգտակար լինել քաղցկեղի դեմ պայքարում:

Գիտնականները փոխկապակցվածություն են հայտնաբերել երկու միկրոտարրերի միջև:

Դրանցից մեկը՝ կորդիցեպինը, այս սնկերում հայտնաբերվել էր 1950 թվականին, բայց դրա դերը մինչ վերջերս մնում էր անհայտ: Երկրորդ բաղադրիչը՝ պենտոստատինն առաջին անգամ ստացվել է բակտերիայից, իսկ հետագայում 1990-ականներին կիրառվել է դեղագործության մեջ՝ արյան քաղցկեղի և քաղցկեղի այլ տեսակների բուժման համար:

« Մեզ առաջին անգամ հաջողվել է կոդազերծել կորդիցեպինի կենսասինթեզի մեխանիզմները, և հետազոտության ժամանակ մենք հանկարծ հայտնաբերեցինք պենտոստատին»,- հրատարակության հետ զրույցում ասել է հետազոտող խմբի ղեկավար Վան Չենշուն:

«Այս երկու բաղադրիչներն ապրում են սնկի բջիջներում որպես «պաշտպան» և «ենթակա»: Ռազմական կորդիցեպսում կորդիցեպինը սինթեզվում է պենտոստատինի կրկնակի քանակով՝ առաջինի կայունության պահպանության նպատակով»,- մանրամասնել է մասնագետը:

Ինչպես նշել է Վան Չենշուն, օրգանիզմում կորդիցեպինի չափից շատ պարունակության դեպքում սունկը գործի է դնում դետոքսիկացիայի գործընթացներ, քանի որ դա կարող է կործանարար լինել իր համար:

«Դա մեզ ասում է այն մասին, որ այս սնկերի չափից շատ օգտագործումը կարող է վնասել առողջությանը»,- ասել է նա:

Հարյուրավոր տարիներ շարունակ չինացիները կորդիցեպս են օգտագործում, քանի որ կարծում են, որ դրանցում պարունակվող էլեմենտները տոնուս են հաղորդում օրգանիզմին և բարձրացնում են իմունիտետը:

Չինական ավանդական բժշկության մեջ սնկերի կիրառումն առաջին անգամ ֆիքսվել է 1578 թվականին չինացի գիտնական Լի Շիչժենի հեղինակած « Բանցաո գանմու» դեղագրքում ( որը հայտնի է նաև «Դեղամիջոցների կոմպենդիում» անվանումով ):

« Տևական ժամանակ մասնագետները վիճում էին, թե ինչի համար են օգտակար այս սնկերը՝ բակտերիաների՞դեմ, թե՞ քաղցկեղի դեմ պայքարում: Այն, որ մեր թիմին հաջողվեց հաստատել ռազմական կորդիցեպսի իրական հատկությունները՝ մեծ նվաճում է»,-լրագրողներին է հայտնել ինստիտուտի կուսկոմի ղեկավար Գո Ցզինխուան:

 

Չինական ավանդական բժշկություն

2016 թվականի դեկտեմբերին Չինաստանի կառավարությունը հրատարակել է չինական ավանդական բժշկության առաջին Սպիտակ գիրքը (ՉԱԲ): ՉԺՀ իշխանությունները այս համակարգի զարգացումը հռչակել են « ազգային ռազմավարություն», ինչպես նաև փաստաթղթում նշել են այն միջոցները, որոնք Չինաստանը պետք է ձեռնարկի՝ ժամանակակից աշխարհում ՉԱԲ-ի դերի բարձրացման և առաջխաղացման համար: Այդ փաստաթղթի համաձայն, երկիրը մտադիր է ստեղծել առողջապահության լիարժեք համակարգ՝ հիմնված չինական ավանդական բժշկության վրա:

2015 թվականի տվյալներով, Չինաստանում ՉԱԲ համակարգով գործել է գրեթե 4 հազար հիվանդանոց, 42,5 հազար բուժկենտրոն և 452 հազար բժիշկ: Չինաստանում տարվա ընթացքում արտադրված դեղորայքի 28,55%-ը բաժին է ընկել ՉԱԲ-ին, իսկ դրա ընդհանուր արժեքը հասել է 786,6 միլիարդ յուանի (մոտ 114,21 միլիարդ դոլար): Փաստաթղթի համաձայն ՉԱԲ-ը համաշխարհային լայն ճանաչում է ստացել և ներկայացված է աշխարհի 183 երկրում ու տարածաշրջանում: