15-09-2015 13:43

Թունավորման պատճառը նրբերշիկն է եղել. Ա. Ասոյան

Հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Արարատի մարզի դպրոցներից մեկում աշակերտների մասսայական թունավորման դեպքին, նշեց, որ 46 աշակերտ սուր թունավորումով տեղափոխվել էր հիվանդանոց: Ըստ մասնագետի թունավորումը որևէ հետևանք չի թողնի երեխաների առողջության վրա, քանի որ շատ սուր չի եղել և դրա դեմ արագ միջոցներ են ձեռնարկվել: «Պատճառը մեզ գրեթե հայտնի է, երեխաները դպրոցի վաճառքի կետից նրբերշիկ էին գնել: Բոլորին սուր թունավորման պատկերով տեղափոխեցին Արտաշատի հիվանդանոց: Նրանց բուժումը մեկ օրից պակաս տևեց և բոլորը առողջացած դուրս գրվեցին: Առայժմ չունենք հետևանք, որովհետև թունավորումը շատ սուր և ծանր չէր: Հետևանք, կարծում եմ, կունենան նրանք, ովքեր որ զբաղվում են այդ բիզնեսով, ովքեր պատրաստում են այդ սննդամթերքը, վաճառում են, թույլ են տալիս: Նրանք պետք է հետևություններ անեն, որ նման բան չկրկնվի»: Անդրադառնալով այն հանգամանքին, որ արտադրողի պնդմամբ դպրոցում վաճառվող կարկանդակները քաղցրահամ են եղել, քանի որ սխալմամբ աղի փոխարեն շաքարավազ են ավելացրել դրանց մեջ, ասաց. «Քաղցրից հնարավոր չէ թունավորվել: Օրական հարյուրավոր մարդիկ քաղցր թեյ են խմում նախաճաշելիս, այդ ո՞ր մեկն է թունավորվում: Ես շատ զարմացա, որ դրա մասին խոսում էր ոչ թե արտադրողը, այլ դպրոցի տնօրենը, որը կարծեմ լրիվ այլ գործառույթներով պետք է զբաղվի, ոչ թե արդարացնի նրբերշիկ արտադրողին»: Ցավոք սրտի Առողջապահության նախարարությունը վերջին դեպքերում հանդես է գալիս որպես «հրշեջ»: Լինում է երևույթ և մենք տեղում գնում, աշխատում ենք, որ վերացնենք արդյունքները»:

 

Մարինե Բարսեղյան