Բավ է պառակտվել
03-04-2014 15:26

ՀՀ-ում առաջիկա 1-2 տարում կներդրվի պալեատիվ բուժօգնությունը

Աշխարհի տասնյակ երկրներում կազմակերպվում է պալեատիվ՝ ամոքիչ բուժօգնությունը (ծանր, անբուժելի հիվանդացությունների ժամանակ՝ հակացավային թերապիա, սիմպտոմատիկ թերապիա և հոգեսոցիալական օգնություն), և Հայաստանը ևս իր միջազգային պարտավորությունների շրջանակում պարտավորվել է երկրում պալեատիվ օգնություն կազմակերպել: Ոլորտի զարգացման և ներդրման մասին խոսելու նպատակով հրավիրված ասուլիսի ընթացքում ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը հայտարարեց, որ Առողջապահության նախարարությունը նախատեսում է առաջիկա 1-2 տարում Հայաստանում ամբողջությամբ՝ մարզերում և մայրաքաղաքում ներդնել պալեատիվ բուժօգնությունը որպես առանձին տեսակ:
«Արդեն, իսկ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների մասին օրենսդրական նախաձեռնությունը, որով պալեատիվ բժշկությունը ներառվում է որպես առանձին բուժօգնության տեսակ, իսկ մարզերում իրականցվել է բուժքույրերի վերապատրաստման գործընթաց», -ասաց Սուրեն Քրմոյանն ու ավելացրեց, որ նախատեսվում է պալեատիվ բուժօգնությունը ներառել որպես առանձին առարկա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:
«Լուրջ խնդիր ունենք պալեատիվ բուժօգնության մասնագետների ապահովման հարցում, այսինքն՝ անհրաժեշտ է շուրջ 120 մասնագետ բարձրագույն բժշկական կրթությամբ , շուրջ՝ 600 բուժքույր, և դեռևս այդ քանակը չունենք»,-նշեց բանախոսը: ԱՆ ներկայացուցիչը նաև տեղեկացրեց, որ համակարգի ներդրմանը կնպաստի հաբերի տեսքով կամ օրալ մորֆինի ապահովումը երկրում, քանի որ ներկայումս նման բուժօգնություն ստացողների համար կիրառվում է միայն ներերակային մորֆին, այն դեպքում, երբ հաբերով մորֆինը ավելի հարմար է օգտագործման առումով, ինչպես նաև ավելի մատչելի գնային տեսանկյունից: Հաջորդ տարում Առողջապահության նախարարությունը իր դեղորայքային գնումների ցանկում կներառի նաև հաբերով մորֆինը: